Մատչելիության հղումներ

Կաշառք ստանալու համար քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել. Հակակոռուպցիոն կոմիտե


Կաշառք ստանալու համար Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։ Թե ով, իրավապահներն առայժմ չեն հայտնում։

Այս գործով ընդհանուր 5 ձերբակալված անձ կա, ասում է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ, նրանցից մեկը քաղաքապետարանի պաշտոնատար անձ է, ում մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար», - նշեց նա։

Թե կոնկրետ ինչ գործով է ձերբակալվել քաղաքապետարանի աշխատակիցը, դեռ չեն մանրամասնում, հայտնի չէ նաև՝ կկալանավորվի այդ անձը, թե ոչ։ Ասացին՝ ավելին հետո կհաղորդեն։ Քաղաքապետարանն այս գործի առնչությամբ լռում է։

Օրվա առաջին կեսին իրավապահները Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում խուզարկություն էին իրականացնում, FactorTV-ն արձանագրել է՝ շենքից դուրս գալիս քննիչների ձեռքին փաթեթավորված իրեր կային: Պարզ չէ, թե ինչ էին տանում։

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունն այժմ պետ չունի, մեկ տարի առաջ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Մուրադյանը։ Այն ժամանակ դեռ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում էր՝ սա, երևի թե, քաղաքապետարանի ամենածանրաբեռնված վարչությունն է. - «Շատ դեպքերում մենք ունենք խնդիրներ ժամկետանց գրությունների հետ կապված, և ժամանակ կար, որ այդ վարչությունը մենք կոչում էինք «սև խոռոչ»։

Հենց այս վարչությունն է հող հատկացնելու հայտերը քննարկում, տրամադրում, շինարարության հետ կապված փաստաթղթեր ձևակերպում։ Այս բաժինն ավելի քան 50 աշխատակից ունի։ Ձերբակալությունների մասին առայժմ չի հաղորդվում։

XS
SM
MD
LG