Մատչելիության հղումներ

Պապը Կիևին «սպիտակ դրոշի» քաջության և բանակցելու կոչ է անում, Կիևից հակադարձում են


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Մոսկվան այսօր կրկին պնդել է, թե պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների։ Արձագանքելով այս մասին Հռոմի Պապի շաբաթ օրվա հայտարարությանը՝ Կրեմլի խոսնակն ասել է, թե Պուտինը, որ երկու տարի առաջ որոշեց գնալ հարևան երկրի դեմ պատերազմի, միշտ է նախընտրել խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով:

«Դուք գիտեք, որ մեր նախագահը շարունակաբար կրկնել է մեր պատրաստակամությունն ու հակվածությունը՝ լուծելու մեր խնդիրները բանակցություններով, և սա է նախընտրելի ճանապարհը», - նշել է Դմիտրի Պեսկովը:

Շաբաթ օրը հրապարակվել է Պապի հարցազրույցը, որտեղ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պնդել է, թե Ուկրաինան պետք է քաջություն ունենա և բանակցությունների սեղանի շուրջ նստի Ռուսաստանի հետ՝ պատերազմին վերջ դնելու համար։

«Կարծում եմ՝ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին և ունի սպիտակ դրոշի համարձակություն և բանակցում է», - ասել է Ֆրանցիսկոսը:

Պաշտոնական Կիևն անընդունելի է որակել առաջարկը. ուկրաինացիները պաշտպանում են Եվրոպան «ռուս մարդասպաններից», և այստեղ երկխոսություն չի կարող լինել, պնդել է Ուկրաինայի նախագահը:

«Ուկրաինայում ժամանակին տների և եկեղեցիների բազմաթիվ սպիտակ պատեր կային, որոնք այժմ այրվել ու ավերվել են ռուսական արկերից։ Սա հենց լավ վկայություն է, թե ստույգ ով պետք է կանգ առնի, որպեսզի պատերազմը դադարի», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Ավելի ուշ Վատիկանի մամուլի ծառայությունը պարզաբանել է, թե Ուկրաինայի վերաբերյալ իր խոսքերով Ֆրանցիսկոսը մտադիր է եղել «հրադադարի կոչ անել և վերականգնել բանակցությունների խիզախությունը», բայց նկատի չի ունեցել, որ Ոկրաինան պետք է համաձայնի կապիտուլյացիայի։

Մինչ այդ, ճակատում նախաձեռնությունը ռուսների օգտին է, որոնք գրոհում են առաջնագծի ամբողջ երկայնքով։ Ուկրաինացի պաշտոնյաները հաստատում են, որ իրենց զորքերը ստիպված են նահանջել որոշ դիրքերից հակառակորդի ինտենսիվ գրոհների և սպառազինութան պակասի պատճառով։

Օրբան. Եթե Թրամփը հաղթի ընտրություններում, ոչ մի սենթ ռազմական օգնություն չի տրամադրի Կիևին

Այս ֆոնին Եվրամիության անդամ, Ռուսաստանի նախագահի հետ ջերմ հարաբերություններով հայտնի Հունգարիայի վարչապետը հայտարարել է, թե իրավիճակը կարող է է՛լ ավելի դրամատիկ լինել Կիևի համար։ Վիկտոր Օրբանը պնդել է, մասնավորապես, որ եթե Դոնալդ Թրամփը հաղթի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում, «ոչ մի սենթ» ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային, ինչը, նրա համոզմամբ, կօգնի դադարեցնել պատերազմը:

«Եթե Ամերիկան փող չտա, եվրոպացիները միայնակ չեն կարողանա ֆինանսավորել այս պատերազմը, և այդ ժամանակ պատերազմը կավարտվի», - նշել է Օրբանը:

Աղմկահարույց այս հայտարարությունից առաջ՝ անցած շաբաթավերջին, Օրբանը Ֆլորիդայում հանդիպել էր Դոնալդ Թրամփին։

Ավելի վաղ նաև ամերիկյան Bloomberg-ն էր իր աղբյուրներին հղում անելով գրել, թե նոյեմբերին վերընտրվելու դեպքում Թրամփը մտադիր է կրճատել Վաշինգտոնի պարտավորությունները ՆԱՏՕ-ի որոշ անդամների հանդեպ և ճնշումներ բանեցնել Ուկրաինայի նկատմամբ՝ Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու համար։ Ըստ այդ աղբյուրների՝ Թրամփը դիտարկում է փոփոխություններ մտցնելու և ՆԱՏՕ-ի դեպքում այն երկրների պաշտպանությունը ստանձնելու հնարավորությունը, որոնք բյուջեից անհրաժեշտ գումար են հատկացնում պաշտպանական ծախսերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG