Մատչելիության հղումներ

«Վիրտուալ միջնորդություն»․ Զելենսկին արձագանքել է Հռոմի պապին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ է արձագանքել Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Կիևին և Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկին։

Կիրակի երեկոյան տեսաուղերձում Զելենսկին «վիրտուալ միջնորդություն» է որակել Պապի առաջարկը։

«Երբ փետրվարի 24-ին ռուսական չարիքը սկսեց այս պատերազմը, բոլոր ուկրաինացիները դուրս եկան պաշտպանության․ քրիստոնյաներ, մահմեդականներ, հրեաներ՝ բոլորը: Շնորհակալ եմ յուրաքանչյուր քահանային, ով բանակի հետ է, այնտեղ՝ առաջնագծում։ Նրանք մեզ աջակցում են աղոթքի, զրույցի և գործողությունների միջոցով: Ահա թե ինչ է եկեղեցին։ Եվ ոչ երկուսուկես հազար կիլոմետր հեռավորության վրա ինչ-որ տեղ այնտեղ ներգրավված վիրտուալ միջնորդության՝ ապրել ցանկացողների ու նրանց ոչնչացնել ցանկացողների միջև», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը շարունակել է՝ ուկրաինացիները զենքները ձեռքներին պաշտպանում են Եվրոպան «ռուս մարդասպաններից»․ - «Ուկրաինայում ժամանակին տների և եկեղեցիների բազմաթիվ սպիտակ պատեր կային, որոնք այժմ այրվել ու ավերվել են ռուսական արկերից։ Սա հենց լավ վկայություն է, թե ստույգ ով պետք է կանգ առնի, որպեսզի պատերազմը դադարի»:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է քաջություն ունենա բանակցելու Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի մասին և չամաչի նույն սեղանի շուրջ նստել խաղաղ բանակցություններ վարելու համար։

«Կարծում եմ, որ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին և ունի սպիտակ դրոշի համարձակություն և բանակցում է», - ասել է Ֆրանցիսկոս պապը։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էր արձագանքել Պապի այս հայտարարությանը՝ մասնավորապես շեշտելով․ - «Մեր դրոշը դեղին և կապույտ է: Սա այն դրոշն է, որով մենք ապրում ենք, մեռնում... Մենք երբեք այլ դրոշներ չենք բարձրացնի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG