Առաջնահերթություն է բոլոր ասպարեզներում «կանանց առավելագույն ներգրավման համար հնարավորություններ ստեղծելը»
Կառավարության համար առաջնահերթություն է պետական կառավարման, իրավապահ, անվտանգային, տնտեսական, քաղաքական, գիտական և այլ ասպարեզներում կանանց առավելագույն ներգրավման համար հնարավորություններ ստեղծելը, այսօր Կանանց միջազգային օրվա առթիվ իր ուղերձում, մասնավորապես, շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ առանց այդ պոտենցիալի լիարժեք կիրառման, Հայաստանի զարգացման հնարավորություններն էականորեն կկրճատվեն:
Խոսելով կանանց մասին՝ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության մասին, ասել է Փաշինյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի Հանրապետության բնակչության 53 տոկոսը կանայք են:
«Պատեհ առիթ է, որպեսզի վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը»
Տոնի առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահ Վահագն Խաչատրյանը՝ նշելով․ - «Պատեհ առիթ է, որպեսզի մենք, որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը»։
Ընդգծելով, որ դեռ շատ անելիքներ ունեն այս նպատակին հասնելու համար՝ նախագահը շեշտել է՝ «այդ ճանապարհին հաջողելու գրավականը ձեր անփոխարինելի ուժ ու ոգևորություն տվող աջակցությունն է»։
«Արդարև, մեծ է մեր մայրերի ու քույրերի ավանդը ազգային և եկեղեցական կյանքում»
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին երկրորդն էլ իր ուղերձում նշել է՝ կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։
«Այսօր, երբ ընդլայնվել են կանանց գործունեության ոլորտները, արդարև, մեծ է մեր մայրերի ու քույրերի ավանդը ազգային և եկեղեցական կյանքում։ Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային-հոգևոր արժեքների զորացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության ամրապնդման և մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման», - ասված է Վերահափառ հայրապետի ուղերձում։
Մարտի 8-ն ամեն տարի նշվում է որպես կանանց համերաշխության, հավասար իրավունքների և ազատության համար պայքարի օր, 1975 թվականից նշվում է ՄԱԿ-ում:
Կանանց միջազգային օրը Հայաստանում տոնական է՝ ոչ աշխատանքային: