Մատչելիության հղումներ

ՔՊ խմբակցության հետ վարչապետի փակ հանդիպմանը քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում փակ հանդիպում անցկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։

Այսօր ևս հանդիպմանը մասնակցում էին Կառավարության անդամները, նրանց թվում՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Թե՛ Կառավարության անդամները, թե՛ պատգամավորները որևէ հստակ բան չէին ասում՝ ինչ օրակարգով է վարչապետը վերջին տասն օրում երրորդ անգամ իրենց հետ փակ հանդիպում անցկացնում։

«Մշտապես հաճախակի հանդիպում ենք և քննարկում ենք ամենատարբեր հարցեր», - մասնավորապես ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ես գնում եմ հանդիպեմ երկրի վարչապետի հետ», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

Օրակարգից մանրամասներ չհայտնեցին, բայց ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեմաներին անդրադարձան պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը և ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որը նաև իշխող կուսակցության անդամ է:

«Հայ-ռուսական հարաբերությունները, ես կարծում եմ, որ մենք պետք է, ինչպես նաև՝ մեր ռուս գործընկերները, ամեն ինչ անենք, որպեսզի խրթին և բարդ կոնտեքստ ունեցող հարցերը և տարաձայնությունները, եթե այդպիսիք կան, նաև՝ աշխատանքային մակարդակում, հանգուցալուծվեն», - ասաց Հակոբյանը:

«Այս պահին մենք ունենք բավականին մեծ կախվածություն Ռուսաստանի Դաշնությունից տարբեր ուղղություններով՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման, թե՛ էներգետիկ և այլ հարցերով, և կարծում եմ, որ, ամեն դեպքում, կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել, որպեսզի մեր սուվերենությունը նաև դրանով բարձրացնենք», - հայտարարեց Հովհաննիսյանը:

«Այսինքն՝ ռիսկայի՞ն կլինի այդ կառույցը լքելու հնարավոր որոշումը Հայաստանի տնտեսության համար», - «Ազատության» այս հարցին նախարարն արձագանքեց. - «Կարծում եմ, որ այո»:

Ուշ երեկոյան ՔՊ խմբակցության ղեկավարի տարածած հաղորդագրությունում ասված է, որ հանդիպման ժամանակ «քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

XS
SM
MD
LG