Մատչելիության հղումներ

Ռուսական կողմի կարիքը չենք զգում. Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահների մասին


Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների վերաբերյալ Երևանի պաշտոնական նամակի մասին, այսօր կիպրոսցի իր պաշտոնակցի հետ ասուլիսին ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ենթադրում եմ՝ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցն այդքանով կլուծվի»,- ասաց նախարար Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքն ամբողջ փաթեթի, լիազորությունների ամբողջական կատարման մասին է. - «Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով»։

Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները, խորհրդարանում երեկ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ սա Երևանի հստակ դիրքորոշումն է:

«Ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը և նախատեսված է այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա։ Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն իր պատկան մարմինների միջոցով», - այսօր նշեց արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը հիմա ինստիտուցիոնալ առումով ի զորու է օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։

Նախարարը, սակայն, չհստակեցրեց, թե երբ է ծանուցումն արվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG