Մատչելիության հղումներ

Փաշինյանը Եգիպտոսում խոսել է Գազա հումանիտար օգնություն հասցնելու մասին


Եգիպտոսն իր աջակցությունն է հայտնում երկխոսությանը և բանակցային պրոցեսին Հարավային Կովկասում` ձգտելով համապարփակ, արդարացի խաղաղության հաստատմանը:

«Սա կստեղծի նոր փուլ աճի և զարգացման, ինչը կծառայի տարածաշրջանի ժողովուրդների շահերին», - այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին ասել է Եգիպտոսի նախագահը։

Աբդել Ֆաթթահ աս-Սիսին Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է «ջանքերը, որոնք Եգիպտոսը գործադրում է» Գազայի հատվածում և իր երկրի տեսակետն այս հարցում։

«Միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված», - իր հերթին, ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանն աջակցում է միջազգային հանրության որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։

Ավելի վաղ կայացած հանդիպմանը նրանք քննարկել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացները՝ կարևորելով խաղաղության և կայունության ամրապնդումն ու այդ ուղղությամբ քայլերի իրականացումը:

Հայաստանի և Եգիպտոսն այսօր նաև մի քանի փաստաթղթեր են ստորագրել, մասնավորապես տնտեսական, գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին, հայտնում են կառավարությունից։

Փաշինյանը պաշտոնական այցով է Եգիպտոսում։ Նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ընդգծել է, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG