Մատչելիության հղումներ

Դատարանը Վերմիշյանի խափանման միջոցը փոխեց տնային կալանքով


4 տարվա կալանավորումից հետո Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն ազատ է արձակվել․ դատարանը երեկ նրա խափանման միջոցը փոխել է տնային կալանքով։

Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Ազատության»-ը փոխանցեց, որ այն ժամանակ դատարանը գտել էր, որ Վերմիշյանն «ազատության մեջ մնալով ազդեցություն կունենա վկաների վրա, իսկ հիմա այդ ռիսկերը չեզոքացված են»։

«Ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է շուրջ 4 տարի կալանքի տակ մնալուց հետո այսօր Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով», Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը, դատական իշխանության տելեգրամյան ալիքի փոխանցմամբ, պարզաբանել է՝ «դատարանը գտել է, որ այլևս ամբաստանյալի պատշաճ վարքագիծը և գործի բնականոն ընթացքը հնարավոր է ապահովել նաև նրա ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»:

Ընդ որում, որպես գրավի չափ միջնորդվել էր 20 միլիոն դրամ, մինչդեռ որպես գրավի պիտանի և ողջամիտ չափ է ընդունվել 25 միլիոն դրամը: «Ավելին, պաշտպանական կողմը միջնորդել էր միայն տնային կալանք և գրավ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անհրաժեշտ է համարել դրանց հետ միասին կիրառել նաև բացակայելու արգելքը, ինչը նշանակում է, որ ամբաստանյալ Վերմիշյանը իրավունք չունի հատել ՀՀ պետական սահմանը», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը 2023-ի փետրվարին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Փաստաբանն այսօր մանրամասնեց՝ առաջին ատյանի դատարանի այս դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել, այն վիճարկում են նման որոշում կայացրած վերաքննիչ դատարանում։

2020-ի փետրվարին Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019-ի մարտից։ Մինչ պաշտոնից ազատվելը նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, ապա կալանավորվել։ Վերմիշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

XS
SM
MD
LG