Ուկրաինան չի պատրաստվում երկարաձգել իր տարածքով ռուսական գազի տարանցման շուրջ պայմանագիրը, որ կնքվել էր «Գազպրոմ» և «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունների միջև 2019 թվականի դեկտեմբերին՝ հնգամյա ժամկետով։ Այդ մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ պնդելով, որ ռուսական գազի տարանցումը դեպի եվրոպական շուկաներ կարող է կազմակերպվել միայն այն դեպքում, եթե դա իրականացնեն Եվրամիության կառույցները։
«Եթե եվրոպացիները միասնական կոնսորցիում ստեղծեն՝ հանդես գալով որպես տարանցող կողմ, մենք պատրաստ կլինենք նման ծառայություն մատուցել։ Իսկ Ռուսաստանի հետ բանակցել և նոր պայմանագիր կնքել մենք չենք պատրաստվում», - ասել է ուկրաինական կառավարության ղեկավարը։
«Հյուսիսային հոսք» գազատարի՝ 2022 թվականին տեղի ունեցած պայթեցումից հետո Ուկրաինայով անցնող խողովակաշարը ԵՄ ռուսական գազի արտահանման միակ ուղին է մնացել։