Մոսկովյան դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Ղազախստանում Ուկրաինայի նախկին դեսպան Պյոտր Վրուբլևսկուն։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ծայրահեղականության հատկանիշով։
ՏԱՍՍ-ին իրավապահ մարմիններից փոխանցել են, որ ուկրաինացի դիվանագետի նկատմամբ դաշնային և միջազգային հետախուզում է հայտարարվել։
Վրուբլևսկու քրեական հետապնդման պատճառը 2022-ին տեղական բլոգեր Դիաս Կուզաիրովին տված հարցազրույցն է։ Այն ժամանակ Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը, խոսելով իր երկրում լայնածավալ պատերազմի մասին, մասնավորապես, նշել է․ - «Մենք փորձում ենք հնարավորինս շատ նրանց սպանել։ Հիմա ինչքան շատ ռուս սպանենք, այնքան մեր երեխաներն ավելի քիչ կսպանեն»:
Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք զրույց են ունեցել Վրուբլևսկու հետ, որից հետո նա ներողություն է խնդրել։ Ռուսական կողմը պահանջել է դիվանագետին վտարել Ղազախստանից, Աստանան էլ արձագանքել է՝ նա արձակուրդ է գնալու։
Ավելի ուշ Ղազախստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Վրուբլևսկին կլքի իր պաշտոնը, սակայն «ոչ ոք չի արգելել և չի արգելի նրա ելքը երկրից»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրուբլևսկուն պաշտոնանկ արեց 2022-ի հոկտեմբերին, երբ Մոսկվան հետաքննություն սկսեց։