Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մարտի 2-ի դրությամբ գերազանցել է 30 հազար 300-ը: Տվյալները հրապարակել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը, որը ենթարկվում է «Համաս»-ին:
Գազայի հատվածում իշխող այդ կազմակերպությունը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական է ճանաչվել:
Պատերազմը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ հրեական բնակավայրերի վրա «Համաս»-ի զինյալների նախաձեռնած անսպասելի գրոհներից հետո:
Իսրայելը հայտարարել է, թե ռազմական գործողությունների նպատակը պատանդների ազատումն է և «Համաս»-ի ամբողջական ոչնչացումը:
«Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 30 հազար 320-ի»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրութունում, որը մեջբերել է Քաթարում գործող «Ալ Ջազիրա» արաբական անգլալեզու հեռուստակայանը:
Ավելի քան 71 հազար 500 պաղեստինցիներ պատերազմի ընթացքում վիրավորվել են: Գազայի հատվածը գործնականում գրեթե ամբողջությամբ վերածվել է ավերակների:
Արաբական և մահմեդական երկրների մեծամասնությունն Իսրայելին մեղադրում է պաղեստինցիների ցեղասպանության համար: Իսրայելը հերքում է մեղադրանքը: Իսրայելցիների զոհերի թիվը մոտ 1200 է, կան հարյուրավոր պատանդներ: