Մատչելիության հղումներ

Մերձդնեստրը Մոսկվայից օգնություն է խնդրում, բայց ոչ՝ միացում Ռուսաստանին


Մոլդովա, Մերձդնեստր - Սուվորովի հրապարակը Տիրասպոլում, արխիվ
Մոլդովա, Մերձդնեստր - Սուվորովի հրապարակը Տիրասպոլում, արխիվ

Չճանաչված Մերձդնեստրի իշխանությունները Քիշնևի կողմից «տնտեսական շրջափակմանը» դիմակայելու համար օգնություն են խնդրում Ռուսաստանից, որի հովանավորության շնորհիվ ինքնահռչակ հանրապետությանը շուրջ երեք տասնամյակ գոյատևում է Մոլդովայից անջատ։

Ռուսաստանյան և արևմտյան մամուլում հնչեղություն ստած այս նախաձեռնությունը ենթադրությունների տեղիք էր տվել, թե ինքնահռչակ հանրապետությունը պատրաստվում է Մոսկվային դիմել Մերձդնեստրը Ռուսաստանի կազմում ընդգրկելու խնդրանքով։

Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկու հրավիրած՝ նախկին և ներկայիս պաշտոնյաների մասնակցությամբ հավաքի ամփոփիչ հայտարարության մեջ անջատականները մասնավորապես շեշտում են՝ Ռուսաստանը պետք է պաշտպանի տարածաշրջանը, որտեղ «մշտապես ապրում է ավելի քան 220 հազար ՌԴ քաղաքացի»:

Մոտ երկու տարի առաջ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նախաշեմին նման խնդրանքով և նմանատիպ ձևակերպումներով Մոսկվային էին դիմել նաև Դոնեցկի և Լուգանսկի անջատողականների իշխանությունները։

Մերձդնեստրի ներկայացուցիչները, սակայն, առայժմ միայն Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումային և Դաշնության խորհրդին են դիմել՝ խնդրելով «միջոցներ ձեռնարկել Մոլդովայի Հանրապետության կողմից աճող ճնշման պայմաններում պաշտպանելու Մերձդնեստրը»։

Անջատականները պնդում են, որ Մոլդովան իբր փաստացի տնտեսական պատերազմ է հրահրել Մերձդնեստրի դեմ։

«Ազատության» մոլդովական ծառայությանը տված հարցազրույցում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, արձագանքելով Տիրասպոլի օգնության կանչերին, հայտարարել է, որ Քիշնևը վճռական է սառեցված «մերձդնեստրյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու, փոքր քայլերով տարածաշրջանը տնտեսապես ինտեգրելու հարցում»։

Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանն էլ ավելի վաղ պնդել էր, որ հակամարտության միակ կարգավորումը «Տիրասպոլի աստիճանական վերադարձն է Քիշնևի իրավական դաշտ»։

Մերձդնեստրում բողոքի ալիք են հարուցել դեպի Եվրամիություն ձգտող Մոլդովայի օրենսդրական փոփոխությունները։

Բրյուսելի հանձնարարած բարեփոխումների շրջանակում Քիշնևը հարկային նոր օրենսդրություն է ընդունել, որը մաքսատուրք է ենթադրում Մերձդնեստր ներկրվող ապրանքների նկատմամբ։ Քիշնևին չենթարկվող ինքնավար այդ շրջանի բնակիչները, որոնք ապրանքը ներմուծում են Մոլդովայի կողմից վերահսկվող տարածքով, այժմ պետք է մաքսատուրք վճարեն Մոլդովայի պետբյուջե։

Տիրասպոլում մտահոգված են նաև մոլդովական Քրեական օրենսգրքի լրացումներով, որոնցով պատիժ է սահմանվում անջատողականության և տարածքային ամբողջականության խաթարման համար։

Մերձդնեստրը Քիշնևի կողմից չվերահսկվող Դնեստրի արևելյան ափին գտնվող մոլդովական տարածք է, որի ավելի քան 400 հազար բնակչության մեծամասնությունը ռուսախոս և ռուսամետ է, ինչն էլ դարձավ այս շրջանի և Ռումինիայի հետ կապերը խորացնել ձգտող Քիշնևի ապահարզանի գլխավոր պատճառներից մեկը։ Քաղաքական լարվածությունն ի վերջո հանգեցրեց կարճատև, բայց արյունալի պատերազմի, որի ընթացքում զոհվեց ավելի քան հազար մարդ, ևս 2 հազար մարդ վիրավորվեց։ Արյունահեղությունը կանխելու նպատակով, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանից մնացած խոշոր զինապահեստների հանդեպ հսկողության իրականացնելու նպատակով 1995 թվականին Մոսկվան տարածաշրջան ուղարկեց շուրջ 1.5 հազար ռուս զինվորականներից կազմված զորախումբ, որի ներկայությունը Քիշնևն անօրինական է համարում և պահանջում է լքել տարածաշրջանը։ Ռուսաստանը համառորեն անտեսում է այդ պահանջները։

Նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին ինքնահռչակ կազմավորման անկախությունը հրաժարվում է ճանաչել ոչ միայն Մոլդովան, այլև անջատականների անվտանգության երաշխավոր Ռուսաստանը, որին միանալուն կողմ էր քվեարկել Մերձդնեստրի բնակիչների 90 տոկոսը՝ 2006 թվականին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով։ Այդ հանրաքվեին հաջորդած տարիներին Մոսկվան ճանաչել է մի շարք վիճելի տարածքների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը, բայց ոչ` Մերձդնեստրինը։

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր հակամարտության գոտու հարևանությամբ գտնվող Մերձդնեստրը սկսեց հաճախ հայտնվել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Տեղից պարբերաբար հաղորդվում է զինված միջադեպերի, սադրանքների մասին։ Չճանաչված հանրապետության իշխանությունները Կիևին մեղադրում են դիվերսիաներ , ահաբեկչական գործողություններ կազմակերպելու փորձերի մեջ, ինչն Ուկրաինայի իշխանությունները կտրականապես հերքում են։

Այս իրադարձությունների ֆոնին մտավախություն կար, որ Ռուսաստանը Մերձդնեստրում ևս կարող է կրկնել Դոնբասի սցենարը՝ ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու պատրվակով բռնակցել տարածքը՝ այդպիսով վերահսկողության տակ վերցնելով Ուկրաինային սահմանակից ևս մեկ տարածք:

Չնայած այս մտավախություններին՝ Քիշնևում վերջին 30 տարվա ընթացքում որևէ քաղաքական ուժ լրջորեն չի դիտարկել Մոլդովայի տարածքը հանդիսացող Մերձդնեստրը ռազմական ճանապարհով վերադարձնելու տարբերակը, ինչի մասին պարբերաբար հայտարարում է նաև գործող նախագահ Մայա Սանդուն։

Ի տարբերություն հարևան Ուկրաինայի՝ Մոլդովան իր զինված ուժերի բարեփոխումներով չի զբաղվել, մոլդովացի քաղաքական գործիչները հայտնի կատակ ունեն՝ «Մոլդովայի բանակի ամենամարտունակ ստորաբաժանումը զինվորական նվագախումբն է»։

XS
SM
MD
LG