Մատչելիության հղումներ

Իրավապահները քննում են տեսչական մարմիններին առնչվող առնվազն 4 քրգործ. ի՞նչ է կատարվում տեսչական մարմիններում


Իրավապահներն այժմ քննում են տեսչական մարմիններին առնչվող առնվազն 4 քրեական գործ, որոնցով կան կալանավորված պաշտոնյաներ։ Վերջին դեպքի մասին հայտնի դարձավ օրերս, երբ ձերբակալվեց Առողջապահական տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը:

Սրանից բացի «Ազատությունը» տեղեկացավ, որ այս ամսվա սկզբին ձերբակալություններ են եղել նաև Լոռու մարզում, ճաղերի ետևում են հայտնվել Քաղաքաշինության ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մարզային ստորաբաժանման 2 աշխատող, նրանցից մեկն այժմ կալանավորված է, մյուսը տնային կալանքում: Կոռուպցիայի 10 դրվագով գործը վերաբերում է շինարարության գործընթացում հրդեհային անվտանգության մասին կեղծ եզրակացությունների տրամադրմանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն այլ մանրամասներ չի հայտնում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքով՝ տարօրինակ չէ, որ հատկապես տեսչական մարմիններին առնչվող գործերն այսքան շատ են։

«Սովորաբար ստուգող կամ վերահսկող կառույցներում, հիմա կարող եմ այլ գերատեսչությունների անուններ էլ տալ, առանց թիրախավորելու, Պետեկամուտների կոմիտեն, մաքսային, հարկային և այլն, որոնք որևէ վերահսկողական ֆունկցիա ունեն կամ ստուգողական ֆունկցիա ունեն, ռիսկը, կարող ենք ասել, մի քիչ բարձր է: Մենք ավելի ուշադիր պետք է լինենք նման կառույցների, նույն տրամաբանությամբ՝ թույլտվություններ տվող կառույցների դեպքում, լիցենզիաներ տվող», - ասաց Թորոսյանը:

4 քրեական գործերից 3-ով փաստորեն անցում են Քաղաքաշինության ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներ։

Սյունիքի մարզի գերբեռնված բեռնատարները չկշռելուն ու ճանապարհները վնասելուն վերաբերող գործն էլ արդեն գնացել է դատարան, այս գործով մեղադրյալների շարքում ևս կային տեսչականի աշխատողներ, որոնք աչք են փակել բեռնատարների ծանրաբեռնվածության վրա: Իսկ դեկտեմբերին, Երևանի շինարարության դրվագով հարուցված ծավալուն քրեական գործով անցնող տեսչականի 5 կալանավորված աշխատողներից 4-ի կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Ի՞նչ է կատարվում տեսչական մարմիններում

Ի՞նչ է կատարվում տեսչական մարմիններում և ինչո՞ւ են դրա այդքան մեծ թվով աշխատողներ զբաղվում ենթադրյալ կոռուպցիայով։

Ոլորտում ոչ միայն օրենսդրական բացեր կան, այլև բարեփոխումների գործընթացն է կիսատ մնացել, պնդում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանը։

«Երբ պրոցեսը կանգնեց, բնականաբար, տեսչական մարմինները տեսքից նորն էին, բայց իրենց ամբողջ իրավական դաշտը, որով պետք է առաջնորդվեին ու աշխատեին, մնաց հինը: Շատ վատ վիճակում էին, որովհետև հինն էլ ձևափոխված էր՝ ապահովելու այն ժամանակ աշխատանքի ընթացքը, որը պիտի փոխվեր ու չփոխվեց», - նշեց Այվազյանը:

Երկար տարիներ տեսչական մարմինների բարեփոխումների հարցերով զբաղված Այվազյանի կարծիքով՝ տեսչականի աշխատանքում կաշառք վերցնելու մղում միշտ էլ կլինի, կարևորը, որ համակարգը կարողանա զսպել իր աշխատակիցներին։

Գործիքներից մեկը, ըստ փորձագետի, պատժի անխուսափելիությունն է, ընդ որում, ոչ միայն տեսչականի աշխատակիցների, այլև գործարարների համար։

Մյուս կողմից սննդի կամ շինարարության որակի պատասխանատվությունը չի կարող լինել ստուգող մարմինների ուսերին, նկատում է Այվազյանը, դրանով պիտի զբաղվեն այլ մարմիններ, ինչպես նաև խաղի կանոնները՝ բիզնեսին ներկայացվող պահանջները պետք է լինեն հստակ ու խելամիտ։

«Ցանկացած տնտեսվարող, որ իմանա՝ եթե խնդիր ունեցավ անպայմանորեն դրա հետևից գալու են ու դա հանրայնացվելու է, ինքը առաջինն է շահագրգռված լինելու, որպեսզի խնդիր չունենա», - ընդգծեց Հայկ Այվազյանը:

Ինչի՞ շուրջ է վերջին, ամենաթարմ քրեական գործը, ի՞նչ ծառայության դիմաց է ենթադրաբար կաշառք ստացել Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան, Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ լռում է՝ խոստանալով մանրամասները հայտնել ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG