Մատչելիության հղումներ

Կլաարը Բաքվում քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարները


Կլաար-Բայրամով հանդիպում Բաքվում, արխիվ
Կլաար-Բայրամով հանդիպում Բաքվում, արխիվ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում է։ Նրան երեկ ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Կլաարն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը, Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարները։

«Երկու երկրների պայմանական սահմանին Հայաստանի՝ վերջերս իրականացրած սադրանքի նպատակը, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող վիրավորվեց, խաղաղ գործընթացին հարված հասցնելն էր», - հայտարարել է Բայրամովը։

Նշելով, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ վերջին մեկնաբանություններն է ներկայացրել հայկական կողմին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Բաքուն շահագրգռված է բանակցային գործընթաց սկսելու հարցում։

Երկու օր առաջ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց՝ հետընթացը, որի մասին բարձրաձայնել էին, պահպանվում է։ Չնայած դրանք, ըստ Գրիգորյանի, սկզբունքային հարցերին են վերաբերում, բայց աշխատելու հնարավորություն տեսնում է։ ԱԽ քարտուղարը կրկին չի բացահայտել, թե Բաքվի ո՞ր առաջարկներ են Երևանի համար խնդրահարույց։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Կլաարն ու Բայրամովը երեկ մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Արդյոք Բաքվից հետո Կլաարը կժամանի Երևան, չի հաղորդվում։ Հունվարի վերջին նա Երևանում էր, Երևանից հետո Բաքու չմեկնեց։ Կլաարի գրասենյակը պարզաբանեց, թե «Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի շրջան է, այդ պատճառով էլ Բաքու այցելություն այս պահին նախատեսված չէ։ Բայց ԵՄ հատուկ ներկայացուցիչը սերտ կապի մեջ է և պարբերաբար շփվում է նաև Ադրբեջանի ղեկավարության հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG