Մատչելիության հղումներ

«Քանդակագործության նման մի բան էր». ռեժիսոր Վարդանյանը 5 տարի մտածեց՝ Փելեշյանի բացակա պատկերը «բացելու» համար


Արտավազդ Փեշեյանի դիմանկարը ստանալու համար Լիսաբոնը, Փարիզը, Դուբլինը, Վենետիկ, Ամստերդամը... քիչ էր։ Համաշխարհային կինոյի դասական Փելեշյանի բացակա պատկերը «բացելու» համար ռեժիսոր Հրանտ Վարդանյանը 5 տարի մտածեց, մեծ վավերագրողի հետ աշխարհով շրջեց, երկար լռեց մոնտաժի ժամանակ, ականջում պահեց Միրզոյանի, Դելալյանի, Բոյամյանի, Բախի հնչյունները ու ստացավ վարպետի «Բացակա Պատկեր»-ը։

«Դա իմ երազն է, դա Փելեշյանի երազը չի, Փելեշյանի ներվը հասկանալ էր պետք ինձ, որ կարողանամ այդ ֆիլմն անեմ: Քանդակագործության նման մի բան էր էս ֆիլն անելը», - ասաց Վարդանյանը:

Չխոսկան մարդու մասին պատմելը հեշտ չէ. Վարդանյանն ասում է՝ հնարքը կինոպատմում ստեղծված միջավայրն է, որտեղ կոդավորված մտքերով երկխոսություն կայացավ: Տեսախցիկը պարզապես քայլում է Փելեշյանի կողքով, նրա հետ սրճում, տրամվայով շրջում, կինոդահլիճ մտնում:

«Բացակա Պատկեր» ֆիլմը մարտին Թատերականի ուսանողները կկարողանան դիտել։ Պրեմիերան անցած տարեվերջին էր... աննկատ անցավ... Հրանտ Վարդանյանն ափսոսում է՝ գոնե քննադատեին։

Մեր կողքին այսօր ապրող մարդկանց չեն նկատում, ուր մնաց՝ նկարեն, ասում էր ռեժիսորն ու շեշտում՝ վարպետի լուռ համաձայնությամբ նկարված ֆիլմը գուցե ոչ այնքան Փելեշյանի, այլ նրանով հետաքրքվողների մասին է։

«Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները։ Դա է պատճառը, որ դուք յուրաքանչյուր անգամ նայելիս նոր բան եք տեսնում», - ֆիլմում ասում է 86-ամյա Փելեշյանը։

Բացակա պատկերից ներկա կադրեր Վարդանյանը խնամքով առանձնացրել ու որպես հուշանվեր բաժանել էր հանդիսատեսին... Ամեն մեկին մի կտոր Փելեշյան, ամեն անգամ նայելիս գուցե նոր բան տեսնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG