Ներքին Հանդի հայկական դիրքերում ռուսական ներկայություն չկա, որ կարողանային կանխել կամ չկանխել ադրբեջանական հարձակումը, «Ազատության» հետ զրույցում պնդեց Կապանից ընտրված՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ շեշտելով, որ փետրվարի 13-ին, երբ տեղի ունեցան արյունալի բախումներ, դիրքերում ծառայություն էին իրականացնում Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) կամավորները:
Մինչդեռ երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, թե ռուսական կողմն է այնտեղ ներկա, բայց չի կանխել արյունալի բախումը։
«Ներքին Հանդում վերջին միջադեպը, որը եղել է, Եվրամիության դիտորդական առաքելությունը այդտեղ հասանելիություն չունի, և միայն Ռուսաստանը այդտեղ հասանելիություն ունի, և Ռուսաստանը ներկա է այնտեղ, և Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը», - նախօրեին հայտարարել էր Արմեն Գրիգորյանը:
«Նախ ասեմ, որ ես տեղյակ չեմ՝ ինչ իրավական պայմանագիր կա սահմանը, վերահսկողությունը ռուսական կողմին հանձնելու, բայց փաստացի հողի վրա սահմանը հսկում են հայկական Զինված ուժերը, այդ հողին հսկում են երկրապահ կամավորականները: Ռուսական ներկայություն գյուղում և դիրքերում չկա, վերևի հատվածում՝ Ճակատեն-Ծավ ճանապարհի վրա դեպի Ներքին Հանդ իջնող, կա ուղեկալ ռուսական: Անկեղծ ասած՝ իրենք ներկայություն չունեն դիրքերում կոնկրետ, որ կարողանային կանխեին կամ չկանխեին», - այսօր «Ազատությանն» ասաց Ղահրամանյանը:
Իրավական ի՞նչ հիմքով և ի՞նչ մանդատով են ռուսական ուժերը տեղակայված Ներքին Հանդ տանող ճանապարհին, հայտնի չէ։
«Ազատությունն» այսօր հարցում է ուղարկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ավելի վաղ էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առայժմ պատասխաններ չենք ստացել։
Այն, որ ռուսները Ներքին Հանդում խնդիրներ են հարուցում Եվրամիության դիտորդների համար՝ խոչընդոտելով նրանց մուտքը հենց այդ համայնք, երեկ հաստատեց ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
«Մեր առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի, որը ФСБ-ի պատասխանատվության գոտում է: Մենք Հայաստանի հյուրերի կարգավիճակում ենք, ըստ այդմ էլ նաև Հայաստանը պետք է զբաղվի այդ հարցով, որովհետև մենք ուղղակի շփումներ չունենք ռուսական կողմի հետ», - ասաց Ռիտերը՝ շարունակելով. - «Ընդ որում, խնդիրը բացառապես Ներքին Հանդում է, այլ վայրերում, որտեղ հանդիպում ենք ռուսական ուժերի, նման խնդիրներ չկան»:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես երեկ հաստատեց՝ խնդիր կա, և այն հասցեագրելու են: Թե ո՞ւմ են հասցեագրելու և կոնկրետ ի՞նչ է դա նշանակում, պաշտոնյան չմանրամասնեց: Նաև չհստակեցրեց, թե ինչու են ռուս սահմանապահները խոչընդոտում հենց Ներքին Հանդ Եվրամիության դիտորդների մուտքը:
«Մենք տեղյակ եք այդ խնդրի մասին և փորձելու ենք հասցեագրել այդ խնդիրը», - ասաց Գրիգորյանը:
Կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամյանն ասաց, որ Ներքին Հանդ մտնող ճանապարհին ռուսներն ուղեկալ են դրել դեռևս 2021 թվականի նոյեմբերին, այն մեկ բաց է լինում, մեկ՝ փակ։ Ինքն էլ է լսել խոչընդոտների մասին, ու թեև հաճախ է այցելում գյուղ, բայց անձամբ դրանց չի բախվել. - «Ամեն դեպքում քաղաքացիներին (փաստաթղթերը) չեն ստուգում: Ես գնացել եմ, Երևանից են հյուրեր եկել, գյուղացիներն են մտնում-դուրս գալիս, ոչ մեկին չեն ստուգում: Նույնիսկ ուղեկալի այդ փակոցը շատ ժամանակ փակված չի լինում՝ դեպի վերև բարձրացրած է լինում: Այսինքն՝ իրենք խնդիր չունեն, կարող է իրենց հրաման ստանալու դեպքում որոշ դեպքերում փակեն: Բայց մեծամասամբ բաց է լինում, և փաստաթուղթ-բան, էդպիսի բան չկա ստուգելու»:
Հարցին՝ «մե՞ծ է նրանց ներկայությունը այնտեղ», պատգամավորը պատասխանեց. - «Մեծ չի ամեն դեպքում շատ, ուղեկալում չի կարող մեծ ներկայություն լինել»:
«Իմաստը ո՞րն է այնտեղ գտնվելու, եթե շարունակելու են կրակել, և բախումներ է լինելու»
Սյունեցի պատգամավորը հարց է բարձրացնում՝ ի՞նչ իմաստ ունի ռուսների ներկայությունը Ներքին Հանդ տանող ճանապարհին, եթե նույնիսկ դիտորդի կարգավիճակով նրանց չի հաջողվում կանխել բախումները։
«Որպես պատգամավոր, Ձեր կարծիքով, եթե այնտեղ եվրոպացի դիտորդները լինեն, անվտանգությունը կբարձրանա՞ այդ հատվածում», - աս հարցին Նարեկ Ղահրամանյանն արձագանքեց. - «Կարծում եմ՝ այո, կբարձրանա, քանի որ եթե փաստերը արձանագրենք, եվրոպական դիտորդները որ կետերում որ եղել են, անկեղծ ընդունենք, որ բախումներ կա՛մ չեն եղել, կա՛մ աննշան են եղել»:
«Եվ երկրորդը՝ եթե կան ռուսական, կարելի է ասել, դիտորդներ, եթե իրենք, այսպես ասած, ներկայություն չունեն զինված, որպեսզի բախումները կանխարգելեն, կասեցնեն, այսինքն՝ չի աշխատում իրենց գործոնը այնտեղ: Իմաստը ո՞րն է այնտեղ գտնվելու, եթե շարունակելու են կրակել, և բախումներ է լինելու», - ընդգծեց իշխանական պատգամավորը:
Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը քննարկում է ռուս զինվորականներին Ներքին Հանդից դուրս բերելու հարցը։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն «Ազատության» այս հարցին այդպես էլ ուղիղ պատասխանեց չտվեց՝ նշելով միայն, որ եթե լինեն նոր զարգացումներ, ապա բոլորին կտեղեկացնեն այդ մասին։
Փոխնախարարը նաև չպարզաբանեց, թե իրավական ի՞նչ հիմքով են ռուսները թույլատրում կամ արգելում Եվրամիության դիտորդների մուտքը Հայաստանի այս կամ այն համայնք։
«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կարող եմ ասել, որ որոշումները պետք է կայացվեն ՀՀ կառավարության կողմից և համապատասխան գերատեսչությունների կողմից, իսկ եթե այս առումով եղել են գործողություններ, որոնք դրան հակասում են, ապա համարժեք պատասխան պիտի ստանան», - հայտարարեց Կոստանյանը:
Դիվանագետն այդպես էլ չհստակեցրեց՝ արդյո՞ք այս պահին Հայաստանի կառավարությունը հետաքննում է Ներքին Հանդում ռուս զինծառայողների գործողությունների օրինաչափությունը։