Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները վերջնական որոշում են կայացրել Եմենի հութիների դեմ ռազմածովային գործողությանը միանալու վերաբերյալ։ Սա նշանակում է, որ եվրոպական ռազմանավերը կուղարկվեն Կարմիր ծով՝ հետ մղելու հութիների հարձակումներն առևտրային նավերի վրա, ապահովելու նավագնացության անվտանգությունը։ Գործողությունը կկոչվի Aspides, որը հին հունարենում նշանակում է «վահան»:
Euronews-ի փոխանցմամբ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Բելգիան արդեն համաձայնություն են տվել իրենց նավատորմը Կարմիր ծով ուղարկելու վերաբերյալ։ Հունաստանը կառաջադրի օպերատիվ շտաբի պետի թեկնածությունը, Իտալիան՝ ռազմածովային խմբի հրամանատարի, իսկ Ֆրանսիան՝ նրա տեղակալի։ Շտաբը կգտնվի Հունաստանի Լարիսա քաղաքում։
Աշխարհում առևտրային բեռնափոխադրումների շուրջ 12 տոկոսն անցնում է Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբ նեղուցով, այդ թվում՝ բեռնարկղային բեռնափոխադրումների շուրջ 30 տոկոսը։ Հութիների հարձակումներից հետո բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններ ստիպված եղան ընտրել այլ ուղիներ, ինչը զգալիորեն երկարաձգում է փոխադրումներն ու բարձրացնում փոխադրումների արժեքը: