Մատչելիության հղումներ

«Մեր երկրում վարձկաններ չկան». իշխանական պատգամավորը հակադարձում է Բաքվի որակումներին 


Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Երկրապահ կամավորական միության դիրքապահներին «վարձկաններ» որակելու Բաքվի հայտարարությանը։ Ներքին Հանդի սահմանային բախումներից հետո, որի հետևանքով 4 հայ կամավորներ սպանվեցին, Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանից պարզաբանում էր պահանջել, թե «ի՞նչ հիմքով են դիրքերում տեղակայված ռազմական տարբեր խմբավորումների վարձկանները ենթակա դարձել Պաշտպանության նախարարությանը։

Առայժմ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովից են հակադարձում Բաքվին։

«Մենք վարձականեր չենք ունեցել, և վարձկան չկա մեր երկրում, այստեղ հայաստանցին, հայ տղան է, որ իր սահմանները պահում է», - ասաց Պաշտպանության հանձնաժողովի անդամ, ԵԿՄ-ական Գագիկ Մելքոնյանը՝ շարունակելով, - «Իրենք ուղղակի չեն հասկանում՝ Երկրապահ կամավորականներն ինչ է նշանակում, կամ էլ հասկանոմ են ու իրենց դնում են ինչ-որ կենդանու տեղ։ Դրանք մեր կամավորականներն են, որ 90-ականներից գոյություն ունեն, կան և կմնան ընդմիշտ, քանի հայությունը կա, Հայաստանը կա, մեր կամավորականները միշտ էլ կլինեն»։

Գագիկ Մելքոնյանը, հակադարձելով Բաքվից հնչած որակումներին, հիշեցնում է, որ հենց Ադրբեջանն էր վարձկաններ ներգրավել 44-օրյա պատերազմի ընթացքում. - «44-օրյա պատերազմին երբ իրենք վարձկաններ բերեցին Սիրիայից ու նաև ուրիշ երկրներից վարձկաններ բերեցին և իրենց զորքը, թուրքական զորքը չհաշված՝ նաև վարձկաններ բերեցին, ու լավ ենք հիշում, թե ինչ էր կատարվում»։

Երկրապահ կամավորական միության տասնյակ անդամներ այսօր հերթափոխով դիրքային ծառայություն են իրականացնում սահմանի տարբեր հատվածերում։ Իշխանական պատգամավորի փոխանցմամբ՝ նրանք համարվում են պայմանագրային զինծառայողներ և ենթարկվում են Պաշտպանության նախարարության հրամաններին։

«Բանակի կազմում, բանակի հրամանների ներքո կատարում են բանակում տված բոլոր հրամանները, եթե ինքը սահմանում կանգնած է, ուրեմն նշանակում է՝ դա ենթարկվում է Պաշտպանության նախարարությանը։ Իրենք համարվում են պայմանագրային զինծառայող, որոնք ստանում են աշխատավարձ, որոնք ինչպես մնացած զինվորները, սնունդ, համազգեստ ստանում են ՊՆ-ից։ Պայմանագիր են կնքում և ծառայում են», - ասաց պատգամավորը։

Թե ինչո՞ւ են սահմանին հերթապահում Երկրապահի անդամները, ռազմական գերատեսչությունից չեն մեկնաբանել։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, որ սահմանում մարդկային ռեսուրս է անհրաժեշտ, և կամավորները շատ դեպքերում, ինչպես օրինակ՝ Ներքին Հանդում օգնում են զինված ուժերին։

Նախորդ շաբաթ Ներքին Հանդում ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանված 4 երկրապահ կամավորներից մեկը 67-ամյա Հրաչյա Հովհաննիսյանն էր։ Ինչպե՞ս ստացվեց, որ տարեց տղամարդը հայտնվել էր Ներքին Հանդի հայկական դիրքերում, վարչապետին հարցրեց ուսանող Տիգրան Հովհաննիսյանը Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում. - «Ինձ հետաքրքիր է՝ Պաշտպանության նախարարությունը ինչ-որ ֆիլտրացիա չի անցնում, ով ուզի, կամավոր կարո՞ղ է գնալ ու ասի՝ ես սահման եմ պահում»։

Ի պատասխան Փաշինյանը կարևորեց զինվորական կարգապահությունը. - «Իհարկե, նաև այդ դեպքերից պետք է որոշակի հետևություններ անենք և ավելի ճշգրտենք, այստեղ տարիքի մեջ չէ խնդիրը, ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պետք է աշխատենք, որպեսզի զուտ զինվորական կարգապահությունը և տրամաբանությունը լինի անառարկելի և անքննելի, և դա պրոբլեմ է»։

«Այ եթե այդ հայ տղան, այդ երիտասարդը սահմանում գար, կանգներ, այդ 67 տարեկանը չէր կանգնի սահմանին», - արձագանքում է իշխանական պատգամավորը։

Պաշտպանության հանձնաժողովի անդամն ընդգծում է՝ կամավորների համար, որոնք ինքնակամ ցանկանում են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, տարիքային սահմանափակումներ չկան, ստուգվում է միայն նրանց առողջական վիճակն ու զինվորական պատրաստվածությունը. - «Շատ հեշտ ու հանգիստ է, որ ապրելով արտասահմանում ու սկսում են մեզ քննադատել, թե 67, 70 տարեկանն ինչու է կանգնում սահմանին, որովհետև հարգելի՛ երիտասարդ հայեր, որ գտնվում եք արտասահմանում, սա ձեր գործն է, որ դուք պիտի կանգնեք, այստեղ սահման պահեք, իսկ եթե դուք չկաք, 70 տարեկանն էլ կգնա, կանգնի սահմանին, 80-ն էլ, և կպաշտպանի մեր ժողովրին, մեր երկրի անվտանգությունը, դուք էլ այդտեղ քեֆ արեք, ֆռֆռացեք, հարց չկա», - նշեց Գագիկ Մելքոնյանը։

XS
SM
MD
LG