ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միջուկային զսպման եվրոպական մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին խոսակցությունները օգտակար չի համարում։ Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտարարեց այսօր՝ դիմելով Մյունխենի համաժողովի մասնակիցներին։
«Նման մեխանիզմի ստեղծումը միայն կխաթարի ՆԱՏՕ-ի դիրքերը՝ այն էլ մի իրավիճակում, երբ մենք իրապես վստահելի զսպման գործիքների կարիք ունենք», - հայտարարել է Ստոլտենբերգը։
Համաեվրոպական միջուկային սպառազինության ստեղծման մասին խոսակցությունները ակտիվացան վերջին շաբաթներին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարություններից հետո։ Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ պնդում էին, որ միջուկային զսպման բացառապես եվրոպական մեխանիզմի ստեղծումը կնվազեցնի ԵՄ կախվածությունը Միացյալ Նահանգներից։ ԵՄ անդամ պետություններից սեփական միջուկային զինանոցն ունի միայն Ֆրանսիան։