Մատչելիության հղումներ

Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, արխիվ
Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, արխիվ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել երեկ նախարարի պաշտոնից ազատված Վահան Քերոբյանի նկատմամբ:

Քերոբյանն այսօր այցելել է Քննչական կոմիտե և մինչ այս պահը դուրս չի եկել:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը, իր վստահորդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Վահան Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:

Քննչական կոմիտեն գործի վերաբերյալ նոր, ավելի ծավալուն հաղորդագրություն է տարածել, որում մեղադրյալների թիվը 7-ից դարձել է 8, որոնցից 5-ը նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ:

ՔԿ նոր հաղորդագրությունում նշված է նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի մասին, որը «նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո [...] իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400 միլիոն ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է»:

Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, թե փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները», «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից։ Դրա արդյունքում, ըստ Քննչականի, «մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը»:

XS
SM
MD
LG