Մատչելիության հղումներ

Թրամփի փաստաբանները դատարանին խնդրում են հետաձգել ընտրություններին միջամտելու գործի քննությունը


ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով հետաձգել ընտրություններին միջամտելու մեղադրանքով գործի քննությունը։

Թրամփը կոչ է անում դատարանին արգելափակել ստորադաս ատյանի որոշումը, որով մերժվել է իր նախագահության օրոք օրենքի ենթադրյալ խախտման համար պատասխանատվությունից անձեռնմխելիություն ստանալու հայցը:

Հանրապետական քաղաքական գործչի փաստաբանները երկուշաբթի օրն են բողոք ներկայացրել: Դրանից չորս օր առաջ իրավապահները սկսել են քննել Թրամփի փաստաբանների ներկայացրած մեկ այլ բողոք, որով վիճարկվում է նրա անունը գալիք ընտրություններում թեկնածուների ցանկից հեռացնելու՝ Կոլորադոյի գերագույն դատարանի որոշումը:

Նահանգային դատարանն այն կայացրել է՝ հայտնելով, որ Թրամփը 2020 թվականին ապօրինի եղանակով է վիճարկել ընտրությունների արդյունքները: Կոլորադոյի դատարանը վճռի համար հիմք է համարել ԱՄՆ Սահմանադրությունը, որի համաձայն՝ «ապստամբության մասնակցած պաշտոնատար անձը չի կարող պետական պաշտոն զբաղեցնել»:

«Առանց հետապնդումից անձեռնմխելիության նախագահությունը, ինչպիսին մենք այն ընկալում ենք, կդադարի գոյություն ունենալ», - պնդել են Թրամփի փաստաբանները։

Գերագույն դատարանի որոշումից պարզ կդառնա, թե արդյոք Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն դատարանի առաջ կկանգնի այս տարվա նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ: Լսումների ժամկետը դեռ որոշված չէ, սակայն հատուկ դատախազ Ջեք Սմիթի թիմը պնդում է, որ դատավարությունը տեղի ունենա այս տարի:

Թրամփը բազմիցս փորձել է հետաձգել գործը։ Եթե նա հաղթի գալիք նախագահական ընտրություններում, ապա կարող է փորձել օգտագործել գործադիրի ղեկավարի իր լիազորությունները և կարգադրել գլխավոր դատախազին դադարեցնել իր դեմ դաշնային գործերը կամ նույնիսկ ներում պահանջել:

Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության ընթացքում նախագահության առաջին թեկնածուն է, ով առաջադրվել է՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնավարման օրոք երկու անգամ իմփիչմենթի է ենթարկվել և դատարաններում քննվում են իր հետ կապված բազմաթիվ քրեական և քաղաքացիական հայցեր:

Նրան սպառնում է 91 մեղադրանք չորս քրեական գործերով, այդ թվում՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Սպիտակ տնից հույժ գաղտնի փաստաթղթեր դուրս բերելու, ինչպես նաև դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակով ավարտված նախագահական ընտրությունների արդյունքներն ապօրինի եղանակով բողոքարկելու հոդվածներով:

Այս ամսվա սկզբին դաշնային վերաքննիչ դատարանը վճռել է, որ Թրամփը չի կարող անձեռնմխելիություն ստանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG