Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը շարունակում է ինտենսիվ ռմբակոծել ուկրաինական շրջանները


Այս գիշեր 45 անօդաչու թռչող սարք է արձակվել Ուկրաինայի կենտրոնական և հարավային շրջանների վրա, պնդում է ուկրաինական կողմը։ Դրանցից խոցվել են 40-ը, կան վիրավորներ, կրկին վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։

Նախօրեին ռուսական ուժերը Խարկովում տեղակայված բենզալցակայանին էին հարվածել, ինչի հետևանքով վառելիքի արտահոսք էր տեղի ունեցել, և մեծ հրդեհ բռնկվել։ Զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Արդեն շուրջ երկու տարի ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռների և անօդաչունների թիրախում են, դեկտեմբերից, սակայն, ռմբակոծություններն ավելի ինտենսիվ են դարձել։

Մամուլն ահազանգում է ուկրաինական կողմի զինամթերքի պակասի մասին

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերքը կարող է սպառվել արդեն մարտին, եթե դրանց մատակարարումը չհամալրվի, գրում է New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների աղբյուրներին։

Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության վերջին փոփոխությունների և Ավդեևկայի վրա Ռուսաստանի շարունակվող հարձակման մասին հոդվածում նշվում է, որ զինամթերքի հնարավոր պակասը հոգնածության և անձնակազմի պակասի հետ մեկտեղ շուտով կարող է մեծ խնդիր դառնալ ուկրաինական բանակի համար։ Հղում անելով արևմտյան պաշտոնյաներին և ռազմական փորձագետներին՝ հոդվածի հեղինակը պնդում է, որ առանց Միացյալ Նահանգների լայնածավալ օգնության վերսկսման, նախ և առաջ՝ զենքի և զինամթերքի մատակարարման, այս տարվա ընթացքում ճակատի փլուզման վտանգ կա։

Նշվում է, որ Ուկրաինան զինամթերք և այլ անհրաժեշտ նյութեր ունի միայն երկու ամսվա համար, և եթե մի քանի ամսվա ընթացքում օգնությունը չվերսկսվի, իրավիճակը կարող է ճգնաժամային դառնալ արդեն ամռան սկզբին։

Ավդեևվկայում իրավիճակը դառնում է ճգնաժամային. բլոգերներ

Դատելով կողմերի հաղորդումներից՝ ճակատում մեծ փոփոխություններ չեն եղել, սակայն ուկրաինացի զինվորական բլոգերները գրում են, որ Ավդեևվկայում իրավիճակը դառնում է կրիտիկական ուկրաինական կայազորի համար՝ ռուսները առաջ են շարժվում քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ մոտենալով այն ճանապարհներին, որոնցով մատակարարվում է ուկրաինական կայազորը։

Այս պայմաններում Ուկրաինան կարող է Ավդեևվկա տեղափոխել «իր լավագույն բրիգադներից մեկը»՝ 3-րդ գրոհային բրիգադը, գրում է Forbes-ը՝ չնշելով աղբյուրները։ Ենթադրվում է, որ թարմ ուժերը կփորձեն հետ մղել ռուսական բանակը Ավդեևկայի կենտրոն տանող ճանապարհից։ Գեներալ Տարնավսկին շաբաթ օրը հայտնել էր, որ ուկրաինական զինված ուժերը պաշտպանում են քաղաքը, իսկ «նոր ուժերն արդեն մարտի դաշտում են»։

Ընդ որում, միանգամից մի քանի աղբյուր է նշել, թե Ուկրաինայի բանակը զինամթերքի սուր պակաս ունի։ Եվ այս իրավիճակում Ավդեևկան չհանձնելու որոշումը այնքան էլ ճիշտ չէ, գրում են ռազմական փորձագետերը։ Ավդեևկայի ճակատագիրը նախագահ Զելենսկու և անցած շաբաթ պաշտոնանկ արված գեներալ Զալուժնիի միջև տարաձայնություններից մեկն էր. գեներալը, ըստ տարբեր աղբյուրների, համարում էր, որ քաղաքը պետք է թողնել։ Նրա պաշտոնանկությունից հետո, մինչդեռ, Ավդեևկան թողնելու հարցը չի քննարկվում, հակառակը՝ տեղեկություն է հաղորդվում, թե ուկրաինական ուժերն այս հատվածում ուժեղանալու որոշում ունեն։

Ուկրաինայում լուրջ ռազմական ճգնաժամ է, ասում է գերմանական Bild հրատարակության գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնցհայմերը։

Անցած շաբաթ լրագրողն այցելել է Ուկրաինա և երկրի ներսում տրամադրությունների վատթարացում նկատել։

Ռոնցհայմերի գնահատմամբ՝ տեղում քաղաքական պայքար է ընթանում նախագահ Վլադիմիր Զելենսկու և զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի միջև։

«Զալուժնիի համար վաղուց պարզ է՝ Զելենսկու նպատակը՝ վերադարձնել բոլոր կորցրած ուկրաինական շրջանները, չի կարող իրականացվել, և այդ մասին պետք է հրապարակայնորեն հայտարարվի։ Չկան բավարար քանակությամբ զենք, զինվորներ, տեխնոլոգիաներ և ամենագլխավորը՝ հուսալի աջակցություն ԱՄՆ-ից»,- գրում է Bild-ը։

Պոդոլյակը բացատրել է, թե ինչու է Զելենսկին պաշտոնանկ արել Զալուժնիին

Զելենսկու խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, իր հերթին, բացատրել է, թե ինչու է Զելենսկին պաշտոնանկ արել Զալուժնիին և նրա տեղը նշանակել գեներալ Սիրսկիին. - «2023 թվականի ռազմական սպասումները չեն իրականացել։ Կան որոշ հաջողություններ Սև ծովում, հարավում, Ղրիմում, մեր օդն ավելի լավ է պաշտպանված, բայց չկա որևէ առաջախաղացում արևելքում, ցամաքում։ Հակառակը՝ մենք տեսնում ենք մշտական ռուսական գրոհներ, մենք էլ որևէ առաջխաղացում չունենք ճակատի այլ հատվածներում»։

Մինչդեռ Զելենսկին, Պոդոլյակի խոսքով ուզում է՝ զինվորական ղեկավարությունն ուկրաինական տարածքներն ազատագրելու հստակ պլան ունենա և գործի այդ պլանի համաձայն։

XS
SM
MD
LG