Մատչելիության հղումներ

Դանիել Իոաննիսյանն իր մեքենայի հրկիզման փորձը կապում է իր մասնագիտական գործունեության հետ


Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանն իր մեքենայի այրված ու վնասված հատվածն օրերս է նկատել: Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ հաղորդումը երեկ են ստացել, նույն օրն էլ քրեական գործ են հարուցել՝ գույքը ոչնչացնելու, վնասելու կամ հրկիզելու հոդվածով: Իոաննիսյանը տուժող է ճանաչվել:

Տեղի ունեցածն Իոաննիսյանը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Ասաց՝ իր ղեկավարած կազմակերպության «Փաստերի ստուգման հարթակն» անցած ամիս հրապարակել էր հետաքննություն, ըստ որի՝ Արցախի ներքին գործերի վերջին նախարար Կարեն Սարգսյանն ու նրա մերձավորները նախարարության ավտոպարկի շուրջ երկու տասնյակ ավտոմեքենաները յուրացրել են։ Հստակ ապացույցներ չունի, բայց իր մեքենայի թափարգելի հրկիզման փորձի հարցում հենց նրանց է կասկածում։

«Հունվարի 16-ին բացահայտել էինք, որ ծառայողական ավտոմոբիլները գրանցել են իրենց անունով ու բերել են այստեղ վերջին նախարար Կարեն Սարգսյանին պատկանող տարածքում ենք այդ մեքենաները պահում: Ըստ էության, գրպանել են պետական մեքենաները: Այդ հետաքննությամբ անցնող մարդկանցից մի քանիսը ներգրավված են եղել հուլիս ամսին Ստեփանակերտիում «Սիվիլնեթ»-ի լրագրողի ծեծի մեջ: Լրագրող են ծեծել, որը իրենց ոչ ցանկալի հրապարակումներ էր անում, դրանից հետո իրենց մասին իրենց համար ոչ ցանկալի մեկ այլ հրապարակում է եղել ու շատ մեծ է հավանականությունը, որ սա էլ եղել է իրենց պատասխանն այդ հրապարակմանը», - ասաց Իոաննիսյանը:

Գլխավոր դատախազությունն արդեն մեկ ամիս է, ինչ ուսումնասիրում է՝ արդյո՞ք նախկին նախարարն ու նրա մերձավորները յուրացրել են այդ մեքենաները: Fip.am-ի մամուլի հրապարակումը հիմա էլ Հակակոռուպցիոն կոմիտե են ուղարկել՝ ստուգման: Այլ նորություն դեռ չկա:

Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ նաև ձկնորսների ու ջրային պարեկների միջև տեղի ունեցած բախումների կադրեր էր հրապարակել: Հարցրինք՝ ինչո՞ւ դեպքն այս մի հրապարակման հետ չի կապում։ Ասաց՝ դա հրապարակել է դեպքից հետո: Հարցին, թե տան ճակատային հատածի տեսախցիկներն ի՞նչ են արձանագրել, ասաց՝ նախաքննական գաղտնիք է: Քննչական կոմիտեից նույնպես այլ մանրամասներ չհաղորդեցին:

Իոաննիսյանը մտահոգիչ է համարում, որ իր տան բակում կայանած մեքենան փորձել են հրկիզել

Նախորդ տարի հուլիսին էլ «Սիվիլնեթ»-ի լրագրող Հայկ Ղազարյանն էր հայտարարել՝ իրեն բռնությամբ մեքենան խցկելու փորձ անողներից երկուսն Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի ենթականերն են եղել: Կարեն Սարգսյանի հետ կապ հաստատել «Ազատության»-ը չի հաջողվել՝ բջջային հեռախոսը ողջ օրն անջատված մնաց: Արդյո՞ք նա կամ այլ անձինք հարցաքննվել են Դանիել Իոաննիսյանի՝ Քննչական կոմիտեից մանրամասներ չհայտնեցին:

XS
SM
MD
LG