Մատչելիության հղումներ

Գետք գյուղի բնակիչները ճանապարհ էին փակել՝ պնդելով, որ վարչական ղեկավարին ստիպել են ազատման դիմում գրել


Գետքի վարչական ղեկավարի փոփոխությունը կրքեր է բորբոքել գյուղում։ Վաղ առավոտյան մի խումբ գյուղացիներ փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհը՝ բացատրություն պահանջելով Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանից, թե ինչու է 7 ամիս առաջ իր նշանակած վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանը դիմում գրել ու ազատվել պաշտոնից։

Գետքեցիները պնդում են, որ Աշոտ Շաբոյանին ստիպել են ազատման դիմում գրել, իսկ պատճառն էլ կայքերից մեկին նրա տված հարցազրույցն է, որի ժամանակ գյուղի խնդիրներից է խոսել։

«Մենք քաղաքին կպած չունենք գազ, ունենք ոռոգման խնդիր, մեր վարչական ղեկավարը բարձրաձայնել է այդ հարցը... ի՞նչ կա այդտեղ, այո, դիմումը գրել է, բայց պատճառ, հիմնավորում տվեք», - ասում էին նրանք։

Ինքը՝ անկուսակցական Շաբոյանը, մեկնաբանություններից հրաժարվում է։ Համագյուղացիների հիշատակած հարցազրույցում նա խոսել էր սահմանամերձ գյուղի դպրոցի մոտալուտ փակումից, կարծիք հայտնելով, որ եթե Կրթության նախարարությունն այդ ճանապարհով գնա, մոտ 600 բնակիչ ունեցող գյուղն էլ «կփակվի»։ Ճանապարհը կես ժամից ավելի փակ մնաց։ Նախ Ախուրյանի ոստիկանապետը եկավ, ապա Ախուրյանի համայնքապետը ժամանեց։

Կրքերն ավելի թեժացան, երբ աշխատանքից ազատված վարչական ղեկավարի կինն ու մայրը եկան։ Նրանք կոնկրետ անուններով խոսեցին, պնդեցին, որ Շաբոյանին Ախուրյանի ղեկավարն ու Շիրակի մարզպետն են ստիպել, որ դիմում գրի. - «Ստիպել են, հենց դուք... ստիպողաբար է գրել դիմումը»։

Շիրակի մարզպետը հերքում է, ասում է՝ Շաբոյանի հետ չի հանդիպել, հրաժարական տալ չի ստիպել. - «Տեսե՞լ եք որևէ մարդու ներկայումս, որ ստիպողաբար ինչ-որ գործողություն է կատարում, չի կարող աշխատել, դիմում է գրել, աշխատանքից ազատվել է», - նշեց նա։

Նշանակված նոր վարչական ղեկավարը՝ Նարինե Հարությունյանը, «Քաղաքացիական պայմանագրից» է, գետքեցիների պնդմամբ՝ մարզպետի մտերիմը։ Մուշեղ Մուրադյանը, սակայն, պնդում է՝ իր միջնորդությամբ Շիրակում, այդ թվում՝ Գետքում վարչական ղեկավար չի նշանակվել։ Իսկ այսօրվա ակցիան ուղղորդված համարեց։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարը, որը վեճի ժամանակ ընդունել էր, որ իր որոշումը քաղաքական է, վստահեցնում էր՝ եթե նոր նշանակված վարչական ղեկավարն էլ լավ չաշխատի, նա էլ պաշտոնանկ կարվի։

XS
SM
MD
LG