Ադրբեջանում այսօր տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քվեարկել է Ղարաբաղում։
20 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ալիևից բացի ընտրություններին մասնակցում են ևս վեց թեկնածուներ՝ Զահիդ Օրուջը, Ֆազիլ Մուստաֆան, Էլշադ Մուսաևը, Գուդրաթ Հասանգուլիևը, Ֆուադ Ալիևը, Ռազի Նուրուլլաևը։
Գործող նախագահի վեց մրցակիցներից հինգը՝ բացառությամբ Մուսաևի, վերջին երկու տասնամյակներին Ադրբեջանում տեղի ունեցած բոլոր նախագահական ընտրություններին մասնակցել են որպես նախագահի թեկնածուներ։ Բոլոր այդ ընտրությունները միջազգային դիտորդները քննադատել են, գնահատել ոչ թափանցիկ և ոչ մրցակցային։
Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում, ըստ պաշտոնական աղբյուրների, քվեարկելու իրավունք ունի քաղաքացիների կեսից ավելին՝ 6 միլիոն 478 հազար 623 մարդ։
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում բացվել է 6 հազար 537 ընտրատեղամաս։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահին ընտրելու համար տեղամասեր են գործում նաև Լեռնային Ղարաբաղում և հարակից յոթ շրջաններում։
Ընտրությունների ընթացքին, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, հետևում է 790 միջազգային դիտորդ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը։ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի պատվիրակություններին պաշտոնական Բաքուն ընտրություններին հետևելու հրավեր չի ուղարկել։
ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի միջանկյալ զեկույցի համաձայն, ընտրությունները նախապատրաստվել են ոչ մրցակցային, մամուլի դեմ ճնշումների պայմաններում, առանց քաղհասարակության մասնակցության։
Ադրբեջանում գործող «Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնն» էլ իր միջանկյալ զեկույցում ընդգծել է, որ քվեարկությունը պլանավորվածից շուտ անցկացնելը բարդացրել է կուսակցությունների, թեկնածուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը ընտրական գործընթացներին։ Կազմակերպությունը շեշտում է, որ գործող նախագահի վեց մրցակիցները անգամ չեն փորձել իրենց դրսևորել որպես իշխանության համար պայքարող այլընտրանքային քաղաքական ուժի ներկայացուցիչներ։
Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր կուսակցությունները ինչպես նախորդ, այս ընտրությունները ևս բոյկոտել են՝ հայտարարելով, որ դրանց արդյունքները նույնպես «կանխորոշված են»։