Մատչելիության հղումներ

Թույլատրելի 5-ի փոխարեն 15 տոկոսի թերություններ՝ Նադեժդինի օգտին ստորագրություններում. ՌԴ ԿԸՀ


Ռուսաստան - Բորիս Նադեժդինի օգտին ստորագրություն տալու հերթ Սանկտ Պետերբուրգում, հունվար, 2024թ.
Ռուսաստան - Բորիս Նադեժդինի օգտին ստորագրություն տալու հերթ Սանկտ Պետերբուրգում, հունվար, 2024թ.

Թույլատրելի 5-ի փոխարեն 15 տոկոսի թերություններ պատերազմին դեմ արտահայտվող միակ թեկնածուի՝ Բորիս Նադեժդինի օգտին ստորագրություններում։ Սա Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունն է։ Եթե անճշտությունները գերազանցում են 5 տոկոսը, ԿԸՀ-ն թեկնածուին դուրս է թողնում ընտրապայքարից։

Նադեժդինի շտաբը հայտնել է, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է համարել, օրինակ, մոտ 1500 ստորագրություն այն պատճառով, թե իբր ստորագրողների ազգանունը, անունն ու հայրանունը այլ մարդիկ են մուտքագրել։

«Մենք որոշել ենք պայքարել այդ անվավեր ճանաչված ստորագրությունների համար: Մեզ անհրաժեշտ է ընդամենը 4 հազար 500-ը հանել անվավեր ճանաչված 9 հազար 209 ստորագրությունների ցանկից: Եթե ԿԸՀ-ն հրաժարվի ինձ գրանցել, ես կդիմեմ Գերագույն դատարան», - գրել է Նադեժդինը:

ԿԸՀ-ն փետրվարի 7-ին կհայտնի՝ ի վերջո գրանցո՞ւմ է Նադեժդինին, թե՞՝ ոչ։ Ընդդիմադիր գործչի շտաբի մամուլի քարտուղար Պավել Բուրլակովը հիշեցրել է՝ «ամբողջ աշխարհը տեսել է, թե ինչպես են մարդիկ հերթեր կանգնել ստորագրելու համար»։

Հանգստյան օրերին Նադեժդինը Նովոսիբիրսկում հանդիպել է իր աջակիցների հետ, հարյուրավոր մարդիկ կրկին հերթ էին կանգնել նրան լսելու համար։

«Էքստրիմ Սկան» նախագծի վերլուծաբան վերլուծաբան Ելենա Կոնևան նկատում է՝ Նադեժդինի ռեյտինգն աճում է, իսկ սա նշանակում է, որ ռուսաստանյան հասարակությունը հոգնել է պատերազմից։

«Նադեժդինի էլեկտորատը պատերազմի դեմ էլեկտորատն է։ Նրան աջակցողների 90 տոկոսն ասում է, որ պետք է վերադարձնել բոլոր մոբիլիզացվածներին տուն և նոր մոբիլիզացիա չհայտարարել։ Սա նշանակում է՝ մարդիկ ուզում են, որ պատերազմն ավարտվի», - ասում է Կոնևան:

Շաբաթ օրը հակապատերազմական կարգախոսներով մի ակցիա Կրեմլի մոտ է անցկացվել։ «Ուզում ենք, որ մեր հարազատները վերադառնան», - ասում էին հավաքված կանայք:

«Իրականում գրեթե յուրաքանչյուր ռուսաստանցի բարեկամներ ու հարազատներ ունի Ուկրաինայում։ Սա նորմալ իրավիճակ չէ։ Եվ ընդհանրապես, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր պապերը մեռնում էին, որպեսզի երբեք այլևս պատերազմ չլինի», - հայտարարում էին նրանք:

Մոբիլիզացված ռուս տղամարդկանց հարազատներ ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրն է Կրեմլի մոտ։ Ոստիկանությունը կարճ ժամանակով բերման էր ենթարկել ավելի քան 20 ռուս և օտարերկրյա լրագրողների, ովքեր լուսաբանում էին չարտոնված այս միջոցառումը։

Ընտրությունները Ռուսաստանում մարտի 15-17-ը կանցկացվեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն չորս թեկնածուի է գրանցել՝ հինգերորդ անգամ առաջադրված Վլադիմիր Պուտինին, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովին, կոմունիստ Նիկոլայ Խարիտոնովին և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկիին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG