Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ում հայկական առաջարկներին ծանոթացած ընդդիմադիրները խաղաղության գործընթացում դրական տեղաշարժ չեն տեսել


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Արտաքին գործերի նախարարությունում երեկ ծանոթանալով Բաքու ուղարկված հայկական առաջարկների փաթեթին՝ ընդդիմադիր պատգամավորները եզրակացրել են՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում որևէ դրական տեղաշարժ չկա, և բանակցվող փաստաթղթում հայկական շահերն արտացոլված չեն։

«Կարծես թե ինչ-որ տեխնիկական փաստաթղթերի փոխանակման փուլ է մտել, որևէ էական փոփոխություն նախորդ հայտարարությունների հետ մեր կապված, կամ որևէ բան, որը հիմա հանրությանը կարելի կլիներ իրազեկել այդ կետերին ծանոթանալուց հետո, չկա, և իրականում գործընթացի տրամաբանությունը ամբողջապես արտացոլված է Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հրապարակային հայտարարությունների և Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հրապարակային հայտարարություններում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Կողմերը խաղաղության պայմանագրի նախագիծը չեն հրապարակում, փոխարենը ժամանակ առ ժամանակ իրենց առաջարկներն ու խմբագրումներն են փոխանակում։ Բաքվից անցած շաբաթ հայտարարել էին, թե առաջիկայում իրենց պատասխանը կուղարկեն։ Պաշտոնական Երևանն առայժմ չի հայտնել, թե ստացել է ադրբեջանական վերջին խմբագրումը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ ասել էր, որ հայկական կողմը հետընթաց է տեսել Բաքվի վերջին տարբերակում։

Մինչ այդ, «Հայաստան» խմբակցության չորս պատգամավորները, որոնք չգաղտնազերծելու պայմանով իրավունք են ստացել ծանոթանալ փաստաթղթին, շարունակում են պնդել իրենց մտահոգությունները՝ կապված Հայաստանի կողմից հավելյալ անվտանգային երաշխիք չստանալու, ուժի և ուժի սպառնալիքով Ադրբեջանի ձեռքբերումներն ամրագրելու, Հայաստանին ուժի սպառնալիքով նոր զիջումներ պարտադրելու հետ։ Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ Բաքվին հունվարի 4-ին ուղարկված առաջարկներում ևս խոսք չկա Արցախի ու Արցախի հետ կապված խնդիրների մասին։

«Պայմանագրի բոլոր տարբերակներում, որոնք մենք տեսել ենք, արտացոլված է «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի այն տրամաբանությունը, որով իրենք առաջնորդվում են և որով ասում են, որ արցախյան հարց իրենց համար գոյություն չունի: Այդ տրամաբանությունն է արտացոլված մեր բոլոր տեսած առաջարկներում: Արցախյան հարցին անդրադարձ ես չեմ տեսել», - ընդգծեց Վարդանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը, հիշեցնելով կողմերի անցած տարվա հայտարարությունները, թե մինչև տարեվերջ հնարավոր է պայմանագիրը ստորագրվի, պնդում է՝ նոր առաջարկների այս փաթեթով Փաշինյանի իշխանությունը փորձում է իմիտացիա ստեղծել, թե բանակցային գործընթացը շարունակվում է։

Վարդանյանի փոխանցմամբ՝ հայկական կողմի առաջարկների փաթեթում խոսք չկա նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, Ադրբեջանում պահվող ձերբակալված անձանց ու ռազմագերիների վերադարձի մասին. - «Էդպիսի որևէ ձևակերպումներ, որոնք մենք կկարողանանք ասել՝ սրանով հայկական կողմը պահպանում է իր շահերը կամ ստիպում է Ադրբեջանին դուրս գալ օկուպացված տարածքներից։ Էս է խնդիրը, մենք սրա մասին խոսել ենք, դրան են միտված մեր հայտարարությունները, դրան է միտված ամեն անգամ ԱԳՆ գնալուց հետո վերահաստատումը կամ տեսակետի արտահայտումը»:

Իշխանությունները հերքում են միակողմանի զիջումների մասին ընդդիմության պնդումները։ Անցած ամիս Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ հայ - ադրբեջանական պայմանագիրը հավասար պարտավորվածությունների ու քայլերի մասին է:

«Ենթադրենք՝ հայկական կողմը չպետք է խրախուսի ինչ-որ մի գործողություն, որը միտված կլինի Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի, և նույն ձևի՝ Ադրբեջանը չպետք է խրախուսի իր երկրում մի քայլ, որը որ... Ես չգիտեմ՝ իրենք ինչի հետ են ծանոթացել, կամ երևի կարդացել են՝ չեն հասկացել, կամ հատուկ են դա անում, բայց պայմանագիրը որևիցե կետ չկա, որտեղ նախատեսված է մի կողմի՝ կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի որևիցե գործողություն», - հայտարարել էր ԱԺ նախագահը:

Գաղտնագրված փաստաթղթին երեկ ծանոթացած պատգամավորները մի մտահոգություն էլ ունեն, հայտարարում են՝ արտաքին գերատեսչությունում իրենց ակնարկել են, թե ուսումնասիրում են՝ արդյո՞ք խախտել են գաղտնի տեղեկություններ չհրապարակելու կանոնները։

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ այդ փաստաթղթերում տեղ են գտել Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների հայտարարությունները։

«Սպառնալիք է, պատգամավորական գործունեությանը խոչընդոտելու փորձ է: Էս պայմանագրի կետերին գնացել ենք ծանոթանալու, որ մեր հանրությանը ավելի հիմնավորված և փաստարկված կարողանանք տեղեկացնել վտանգների մասին», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: Վարդանյանը չի բացառում, որ սրանով իշխանությունը կփորձի հետագայում արգելել իրենց ծանոթանալ նոր փաստաթղթերին։

Արտաքին գործերի նախարարությունից այսօր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG