Մեկուկես ամսվա նախաքննությունից հետո, 150 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորի գործն ուղարկվել է դատարան։ 41-ամյա Տիգրան Փոլադյանը մեղքը չի ընդունում, թեև նրան ենթադրյալ կաշառք տվողները խոստովանել են այդ մասին։
Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչի խոսքով՝ մեկ ամսից ավելի կալանքի տակ գտնվող սնանկության գործերով դատավորը հրաժարվում է ցուցմունք տալ, դա իր իրավունքն է, ասում է Նարեկ Մենդիկյանը։
«Ցուցմունք տալուց մեղադրյալի մասով դիրքորոշում հայտնելու հնարավորություն է ընձեռվում: Վերջինս իր դիրքորոշումով հայտնել է, որ ներկայացված մեղադրանքը չի ընդունում: Առանց պատճառաբանելու: Այսինքն՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեղադրանքը չի ընդունում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մենդիկյանը:
Քննիչի խոսքով՝ կաշառքի այս դրվագի մասին տեղեկացել են այլ գործի շրջանակում, նախապատրաստվել, հետևել են դատավորին ու մյուս մեղադրյալներին, կատարել գաղտնի նկարահանումներ, որոնք իր կայքում հրապարակել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ կոմիտեի՝ հենց այդ գաղտնի տեսագրություններից էլ երևում է, թե մայրաքաղաքի սրճարաններից մեկում ինչպես է դատավորը կաշառք ստանում։ Կաշառքը փոխանցողն էլ, ըստ իրավապահների, սնանկության գործերով կառավարիչ Տիգրան Հարությունյանն է։ Նա ևս կալանավորված է։
«Իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, ներքին դիտում, արտաքին դիտում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, նաև՝ արտաքին դիտման ընթացքում քննությանը հետաքրքրող անձանց տեղաշարժն է վերահսկվել, հարակից օբյեկտների տեսանկարահանող սարքերի տեսանյութերն են օգտագործվել, որոնք բոլորը իրականացվել են քրեական դատավարության նորմերին համապատասխան», - ասաց քննիչը:
Կաշառքի այս գործով մեղադրյալ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, որը ժամանակին եղել է Աբովյանի քաղաքապետը, ապա՝ Կոտայքի մարզպետը։
Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ստորագրություն է տվել չբացակայելու մասին։ Ըստ իրավապահների՝ Գուլոյանը, սնանկության գործով կառավարիչը և ևս երկու այլ անձինք դատավորին կաշառք են տվել, որ վերջինս իրենց օգտին որոշում կայացնի։
«Դեպքի բոլոր հանգամանքները, մանրամասները ներկայացնում են իրենց ցուցմունքով, որոնք նախաքննական մարմնի կողմից արժանահավատ են գնահատվել: Այո, կաշառք տվողները ընդունում են մեղադրանքը, իսկ կաշառք ստացողը և կաշառք ստացողին օժանդակող անձը ներկայացված մեղադրանքները չեն ընդունում», - նշեց Մենդիկյանը:
Որոշումը պետք է վերաբերեր նույն այս դատավորի կողմից սնանկ ճանաչված գործարանի գույքի աճուրդին։ Դեռ 2022 թվականին այս գույքն աճուրդով գնելու իրավունք էր ստացել ապակե տարաներ արտադրող «Բելգլաս» ընկերությունը, որի բաժնետերերից մեկն էլ այդ ժամանակ Ծառուկյանի դուստրերից մեկն էր։ Քննիչի խոսքով, նա, սակայն, կապ չունի այս գործի հետ։
«Բելգլաս» ընկերությունը աճուրդի համար պետք է որոշակի վճարումներ աներ, բայց ինչ-ինչ պատճառներով չէր հասցրել։ Եվ որպեսզի բաց թողնված ժամկետը վերականգներ ու հետո գույքը դարձներ իր սեփականությունը, ընկերության երկու ղեկավարները Կարապետ Գուլոյանի հետ միասին որոշել են դատավորին կաշառք տալ, գումարն էլ փոխանցել են այս սնանկության գործով կառավարչի միջոցով։
«Սահմանված ժամանակահատվածում գումարը չի վճարվել, որից հետո բաց թողնված ժամկետը վերականգնելու համար դիմել են այն միջոցին, որպեսզի բաց թողնված ժամկետի վերականգնման համար նույն սնանկության գործով դատավորին կաշառք գումարով իրենց օգտին բարենպաստ որոշում կայացնի», - ասաց քննիչը:
Մեղքը չընդունող դատավորի փաստաբանները չցանկացան մեկնաբանություն տալ, պարզ չէ, թե ինչ հակափաստարկներ է նա ներկայացնում։
Տիգրան Փոլադյանը դատական համակարգում 11 տարի է, մինչև 2018-ը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորն էր, դրանից հետո Սնանկության դատարանի դատավոր է նշանակվել։