Մատչելիության հղումներ

Ըստ ԱԺ նախագահի՝ պետք է քննարկվի ՀՀ օրհներգի և զինանշանի փոփոխության հարցը


«Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի», - Տելեգրամի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ խոսնակն ընդգծել է՝ այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան:

«Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», - գրել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանի փոխանցմամբ, սա ԱԺ նախագահի անձնական կարծիքն է, այս պահին թե՛ օրհներգը, թե՛ զինանշանը փոխելու օրինագիծ չի ներկայացվել։

Հայաստանի զինանշանն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1992 թվականին, իսկ օրհներգը՝ 1991 թվականին՝ Առաջին Հանրապետության օրհներգի տեքստի չնչին փոփոխություններով (բառերը՝ Միքայել Նալբանդյան, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյան)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG