Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահական ընտանիքի բանկերը բարգավաճել են, մինչ տասնյակ այլ դրամատներ սնանկացել են


Ադրբեջանի նախագահական ընտանիքը Շուշիում, դեկտեմբեր, 2021թ.
Ադրբեջանի նախագահական ընտանիքը Շուշիում, դեկտեմբեր, 2021թ.

«Ազատության» հետաքննությունը պարզել է՝ Ադրբեջանի իշխող ընտանիքին պատկանող բանկերը տարիներ շարունակ ցածր տոկոսով գումարներ են ստացել Կենտրոնական բանկից ու Պետական զարգացման ֆոնդից, հետո այն մի քանի անգամ ավելի բարձր տոկոսադրույքով տրամադրել բնակչությանը՝ ստանալով գերշահույթներ։ Մինչ նախագահական ընտանիքն ու նրանց պատկանող բանկերը բարգավաճել են, տասնյակ այլ դրամատներ սնանկացել ու անհետացել են շուկայից։

Արդեն 20 տարի Ադրբեջանում իշխող Իլհամ Ալիևի ընտանիքը այս ընթացքում կարողություն է դիզել տնտեսության մի շարք ճյուղերում՝ հանքավայրերից, էներգակիրների արդյունահանումից ու շինարարությունից մինչև բանկային ոլորտ։ Վերջինը, ըստ «Ազատության» հետաքննության, բուռն ծաղկում է ապրում. Ալիևների ընտանիքն այժմ միլիարդավոր դոլարների ակտիվներ է կառավարում մասնավոր դրամատներում՝ տարեցտարի ամրապնդելով գերիշխող դիրքը շուկայում։

Ադրբեջանի նախագահական ընտանիքն այցելում է Հեյդար Ալիևի շիրմին, մայիս, 2023թ.
Ադրբեջանի նախագահական ընտանիքն այցելում է Հեյդար Ալիևի շիրմին, մայիս, 2023թ.

Անցած տասնամյակում, մասնավորապես, ամբողջությամբ կամ մասնակի Ալիևի հարազատների կողմից վերահսկվող բանկերը երեք անգամ ավելացրել են իրենց մասնաբաժինը շուկայում, այն դեպքում, երբ մյուսները գնացել են սնանկացման։ Իշխանության ներկայացուցիչներին, սակայն, սա չի մտահոգում, Միլի մեջլիսի պատգամավոր Ագիլ Աբասն ասում է՝ արտասովոր ոչինչ չկա.

«Բանկը բանկ է, ի՞նչ տարբերություն, շուկայում 10-ից ավելի բանկ կա, որից ուզում են, թող վարկ վերցնեն, մենք այստեղ ի՞նչ կապ ունենք»։

«Ազատության» հետաքննությունը, մինչդեռ, վկայում է՝ Ալիևների հետ փոխկապակցված բանկերը սկսել են բարգավաճել 2015 թվականից, երբ Ադրբեջանի կառավարությունը գնաց ազգային արժույթի դևալվացիայի։ Իշխանությունները հավաստիացնում էին, թե դա հարկադրված քայլ էր՝ նավթի գների անկման պատճառով։ Այդ ժամանակ Կենտրոնական բանկը մոտ մեկ երրորդով արժեզրկել էր մանաթը դոլարի նկատմամբ, ապա նույն տարվա վերջին անցել լողացող փոխարժեքի, ինչի արդյունքում մեկ օրում մանաթը արժեզրկվել էր ևս 50 տոկոսով։ Ու մինչ շարքային ադրբեջանցիները «սև օրվա» կորուստներն էին հաշվում, նախագահ Ալիևի հարազատների բանկերը հարստանում էին՝ նույն այդ դևալվացիայի հաշվին։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը դեռ 2016-ին էր փաստել, որ մանաթի կտրուկ արժեզրկումից օրեր առաջ Ալիևներին պատկանող բանկերը կասկածելի ու խիստ շահավետ գործարքներ էին կնքել, որոնք մեկ տարում առնվազն 64 միլիոն դոլարի եկամուտ էին բերել նրանց։ Հետաքննող լրագրողները չէին բացառել, որ կլանին մոտ կանգնած դրամատները նախօրոք էին տեղեկացվել արժեզրկման մասին և ըստ այդմ էին եկամտաբեր որոշումներ կայացրել։ Փաստերը վկայում են, որ հովանավորչությունը շարունակվել է նաև հաջորդող տարիներին, այս անգամ՝ Կենտրոնական բանկի միջոցով, որն արտոնյալ վարկեր է տվել Ալիևների հետ փոխկապակցված դրամատներին։ «Արդյունքում, նրանք ավելացրել են կապիտալն ու առաջ անցել մյուսներից, և այսօր էլ շարունակում են հզորանալ», - ասում է ոլորտի փաստաբան Էքրեմ Հասանովը:

«Մենք հարցնում ենք՝ ինչո՞ւ եք մեկին տվել, մյուսին՝ ոչ։ Ասում են՝ դրանք խոշոր բանկեր են, ու ոչ ոք չի հարցնում՝ ինչպես դրանք խոշորացան։ Եվրոպայում էլ է Կենտրոնական բանկը խոշորներին արտոնյալ վարկեր տալիս, բայց ի տարբերություն դրսի, որտեղ այդ բանկերը սեփական ջանքերով են այդ կապիտալը կուտակում, մեզ մոտ դրանք խոշորացել են Կենտրոնական բանկից ստացած արտոնյալ վարկերի շնորհիվ», - ընդգծում է փաստաբանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ Բուսաբանական այգում, հուլիս, 2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ Բուսաբանական այգում, հուլիս, 2023

Եթե դևալվացիայից առաջ՝ 2015-ին, Ալիևի ընտանիքին ու հարազատներին պատկանող չորս բանկերը՝ PASHA Bank-ը, Kapital-ը, «Халг»-ը և «Եվրասիա»-ն, ունեցել են 4 միլիարդ մանաթի ակտիվներ, ապա 2022-ի վերջին արդեն այդ ցուցանիշը գրեթե հնգապատկվել է՝ հասնելով 20 միլիարդ մանաթի։ Ընդ որում, այս գործում նրանց ոչ միայն Կենտրոնական բանկի արտոնյալ վարկերն են օգնել, այլև Պետական զարգացման ֆոնդի։ Թեև այս հիմնադրամը ստեղծվել է գործարարներին աջակցելու համար, սակայն շատ հաճախ շարքային ձեռներեցները մնացել են ձեռնունայն։ Շահին Նաջարովը, որ ֆերմա ունի Ադրբեջանի արևմտյան Շամքիրի շրջանում, պնդում է՝ վեց ամիս իրեն տարել-բերել են, վերջում՝ մերժել, պատճառաբանելով, թե անհրաժեշտ է Բաքվում անշարժ գույք գրավադրել:

«Մենք մի քանի անգամ ենք մասնակցել այդ հանդիպումներին, տարել էինք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, բայց՝ մերժեցին։ Պահանջում են, որ գումարի դիմաց անշարժ գույք գրավադրենք՝ անպայման Բաքվում։ Ստացվում է՝ այս հնարավորությունից միայն խոշոր գործարարներն ու մայրաքաղաքի բնակիչները կարող են օգտվել, հասարակ գյուղացիներին այդ արտոնյալ վարկերը հասանելի չեն», - պատմում է Նաջարովը:

Գյուղից ամիսներ շարունակ մայրաքաղաք հասել, բայց այդպես էլ վարկ չի ստացել նաև Գելբոլա Մամեդովը, որ գումար էր փորձում ստանալ՝ ֆերման ընդարձակելու համար. - «Վարկ էի ուզում, որ տեխնիկա առնեմ, ուզում էինք ընդարձակել բիզնեսը, անասունների համար կեր առնել, ավելի շատ վարուցանք անել։ Մեկուկես տարի է՝ փորձում եմ այդ նպատակով արտոնյալ վարկ ստանալ, բայց դրանք ինձ նմանների համար չեն, չգիտենք էլ՝ ում են տալիս»։

Պաշտոնական փաստաղթղերի համաձայն՝ 2022-ի դրությամբ պետական այս հիմնադրամից տրամադրված մոտ կես միլիարդ դոլարի արտոնյալ վարկերի կեսից ավելին բաժին է ընկել Ալիևների հետ կապվող չորս բանկերին։ Դրանք, փաստացի, հիմնադրամից գումարը 1 տոկոսով ստացել, 5-7 տոկոսով բաժանել են գործարարներին։

2022-ին միայն, Ալիևների հետ փոխկապակցվող բանկերն ընդհանուր առմամբ 285 միլիոն դոլարի եկամուտ են ստացել, ըստ Կենտրոնական բանկի հաշվետվության։ Իշխանության հետ կապ չունեցող մոտ տասնյակ այլ բանկեր, մինչդեռ, փակվել են՝ չդիմանալով մրցակցությանը։

Ադրբեջանի նախագահական ընտանիքը հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, 2015թ.
Ադրբեջանի նախագահական ընտանիքը հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, 2015թ.

Անցած տարվա հոկտեմբերին, օրինակ, փակվեց 20 տարի Բաքվում գործող Muganbank-ը. Ադրբեջանի կենտրոնական բանկը չեղարկեց դրա արտոնագիրը՝ պնդելով, թե բանկը սեփական կապիտալի անհրաժեշտ մասնաբաժինը չունի։ Դրանից մոտ կես տարի առաջ էլ Gunay Bank-ն էր նույն ճակատագրին արժանացել. դրամատան ղեկավար Մահմուդ Մոմադովը հրապարակավ հայտարարել էր՝ «որոշ բանկեր 500-600 միլիոն մանաթի վարկ են ստանում, իսկ մեզ Կենտրոնական բանկն առաջարկում է 1-2 միլիոն ընդամենը»։

Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ անցած ութ տարում Ադրբեջանում 22 բանկ է փակվել, այլ կերպ ասած՝ շուկայում գործող 45 բանկերի մոտ կեսը մրցակցությանը չեն դիմացել։ Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախկին ղեկավար, իշխող կուսակցության անդամ Ալի Ալիռզաևը «Ազատության» հետ զրույցում այս փոփոխությունները բնականոն է համարել։

«Ընկերությունները պետք է կարողանան ադապտացվել դինամիկ զարգացող շուկայական տնտեսությանը։ Այստեղ որևէ բան վերլուծելու կամ մեղադրանքներ հնչեցնելու կարիք չկա՝ սա շուկայի օրենքն է։ Չի կարելի կառչել թվերից ու պնդել, թե եթե մի ժամանակ 45 բանկ է եղել, ուրեմն այդքանն էլ պետք է մնան», - պնդում է Ալիռզաևը:

Իլհամ և Մեհրիբան Ալիևները հետևում են «Ֆորմուլա 1 Ադրբեջան»-ի գրան պրիի մրցումներին, ապրիլ, 2023թ.
Իլհամ և Մեհրիբան Ալիևները հետևում են «Ֆորմուլա 1 Ադրբեջան»-ի գրան պրիի մրցումներին, ապրիլ, 2023թ.

Ադրբեջանի հինգ խոշորագույն բանկերից երեքը՝ PASHA Bank, Kapital Bank и «Халг Банк»-ը պատկանում են Ալիևի երկու դուստրերին ու փոխնախագահ նշանակված առաջին տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հարազատներին։ Բոլոր երեք բանկերի ֆինանսական հաշվետվության մեջ որպես սեփականատեր նշված են Լեյլա և Արզու Ալիևաները, ինչպես նաև Մեհրիբան Ալիևայի հայրը՝ Արիֆ Փաշաևը։ Բիզնեսում մասնաբաժին ունի նաև Մեհրիբան Ալիևայի զարմիկը՝ Քամալ Փաշաևը։ Ալիևների կողմից վերահսկվող չորրորդ բանկը՝ «Եվրասիա»-ն, վերջնական սեփականատերերի անունները չի բացահայտում, սակայն «Ազատությանը» հայտնի է դարձել, որ դրա բաժնետոմսերի 37,5 տոկոսը պատկանում է նույն «Փաշա» հոլդինգին, 25 տոկոսը՝ Ալիևների օֆշորային իմպերիայի հետ փոխկապակցված Աշրաֆ Քարիմովին, ով մինչ այդ բարձր պաշտոն էր զբաղեցնում հարկային ոլորտում։

Տարիներ առաջ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը Պանդորայի փաստաթղթերի ուսումնասիրմամբ եզրակացրել էր, որ Ալիևի հարազատները և նրանց գործընկերները, այդ թվում՝ Քարիմովը, օֆշորային ընկերությունների միջոցով մոտ 700 միլիոն դոլարի անշարժ գույք են գնել Անգլիայում, հիմնականում՝ Լոնդոնում։ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով այս հետաքննությունը, իտալական La Repubblica-ին ասել էր՝ «ես փաստաթղթերը չեմ կարդացել, ինձ տեղեկացրել են, այդ ամենի թերևս 5 տոկոսն է ճիշտ, մնացածը սուտ է»:

«Ես նախագահ դառնալուց հետո դադարել եմ բիզնեսով զբաղվել։ Մենք Ադրբեջանում նախապատվություն ենք տալիս ընտանեկան արժեքներին, այդ պատճառով իմ բիզնեսը երեխաներիս տվեցի։ Նրանք էլ, ջանքեր գործադրելով, շարունակում են գործը՝ հիմնականում ներդրումներ անելով Ադրբեջանում», - վստահեցրել էր Ադրբեջանի առաջնորդը:

Ադրբեջանի նախագահի դուստրերը՝ Լեյլան և Արզուն, արխիվ
Ադրբեջանի նախագահի դուստրերը՝ Լեյլան և Արզուն, արխիվ

Թե ինչպես է ստացվում, որ հենց իր ընտանիքի բիզնեսն է ծաղկում, իսկ մյուսները սնանկանում են՝ Ալիևը չէր մեկնաբանել։

Ադրբեջանի Կենտրոնական բանկը ևս հրաժարվել է պատասխանել «Ազատության» հարցերին՝ վարկերի տրամադրման գործընթացի ու պայմանների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG