Գիտությունների ազգային ակադեմիայում, Պետհամալսարանի պատմության ֆակուլտետում փնտրում են այն մասնագետներին, որ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկով դիմել են Կրթության նախարարություն։
Ովքեր են՝ չի բացահայտել նաև կրթության փոխնախարարը։
Դպրոցական այս առարկայի անունը փոխելը մասնագիտական առաջարկ է եղել, բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանն օրեր առաջ։ Կրթության նախարարությունն էլ արդեն 4-րդ օրն է՝ հանրային քննարկման է դրել կառավարության որոշման նախագիծ, որով Հայոց պատմությունը դառնում է Հայաստանի պատմություն։
«Գուցե մեզ հետ քննարկեին, նոր։ Թիվ մեկ պատմագիտական հաստատությունը Հայաստանում Պատմության ինստիտուտն է, ոչ թե ինչ-որ կայքէջում մի հայտարարություն է հրապարակվում, և դրա շուրջ մենք պետք է կարծիք հայտնենք, դա արդեն վիրավորական ձև է», - ասում է Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Առաջարկին դեմ են Պատմության ինստիտուտում, դեմ են Պետհամալսարանի պատմության ֆակուլտետում, առաջիկա օրերին այդ մասին գրավոր տեղեկացնելու են նաև կրթական գերատեսչությանը։
Իշխանական կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պնդում է՝ որոշումը քաղաքական է. - «Պետք չէ հետ կանգնել, որովհետև ինչ է նշանակում՝ մասնագետները պնդում են…»։
Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելով՝ շեշտադրվում է պետականությունը դասագրքի բովանդակությունը մնում է առայժմ անփոփոխ։
«Պետք է գրել Հայաստանի պատմության առարկա, որը կներկայացնի Հայաստան պետության պատմությունը, նաև այդ պետականության բացակայության ժամանակահատվածներով», - նշել է Վահագն Ալեքսանյանը։
Փոփոխությունը պաշտպանող որևէ պատմաբան դեռևս հրապարակավ հանդես չի եկել, միայն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ։
«Թող ինձ բացատրեն, թե Հայաստան ասելով իրենք ինչ են հասկանում։ Ես՝ որպես պատմաբան, Հայաստան հասկանում եմ մեր 400 հազար քառակուսի կիլոմետր հայկական լեռնաշխարհի պատմությունը, որը, բնականաբար, և պետությունների պատմություն է ենթարում, և ենթադրում է այնտեղ ապրող մարդկանց պատմություն, և նաև այն մարդկանց պատմություն, որոնք այդ հայրենիքից դուրս են ապրել։ Հիմա հարց եմ տալիս այդ մարդկանց՝ Կիլիկայի հայկական պետականության պատմությունը 1080-1375 թվականն ի՞նչ պատմություն է», - ասում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։
Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարծում է՝ առաջարկի հեղինակներին շփոթության մեջ է դնում հայոց բառը. - «Երբ որ Հայքի պատմություն ենք գրում, հոգնակին գրաբարով երկու Հայքը միասին դառնում է հայոց»։
Այս հարցն, ըստ Մելքոնյանի շատ բուռն քննարկվել է 90-ականների հայոց պատմության բազմահատորյակը պատրաստելիս։ Այդ ժամանակ դպրոցական դասագիրքն էլ հայ ժողովրդի պատմություն էր կոչվում։ Մելքոնյանը պատմում է՝ ակադեմիկոսների խմբով երկար քննարկվեց, ու բոլորով կանգ առան հայոց պատմություն տարբերակի վրա։ Ոչ միայն որպես այսպես ասած հայքերի՝ հայոց պատմություն, այլև հաշվի առնելով Ագաթանգեղոս, Բուզանդ, Խորենացի, Փարպեցի՝ բոլոր պատմիչների նույն՝ հայոց պատմություն ընտրությունը։
Հայոցը ոչ այնքան հայերի, որքան Հայաստանի պատմություն է նշանակում. ինստիտոտի տնօրենը ցույց է տալիս թարգմանությունները հայոց պատմության գրքերի, թե անգլերենով, թե ռուսերենով գրված է՝ Հայաստանի պատմություն։
Գերարժեք է պետականությունը և առարկան դասավանդելիս հենց դա պիտի ընդգծվի, շեշտում է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը. - «Այդտեղ կոդավորման հարց է, որ աշակերտը երբ սովորում է այդ առարկան, հասկանա, որ ինքը ոչ թե ազգի պատմություն է սովորում, այլ պետականության»։
«Պատմությունն այդ իրականության մեջ մեկ շղթա որպես պետականությունների պատմություն է իր անթեղված և տարբեր դրսևորումներով՝ թագավորություն, իշխանություն, մելիքություն», - նկատում է Մելքոնյանը։
«Գործող դասագրքերում հենց առաջաբաններում անձամբ եմ պետականության վերաբերյալ շեշտադրումներ արել», - հավելում է Աշոտ Մելքոնյանը։
Նա վստահ է՝ Հայոց պատմությունը ավելի ընդգրկուն իմաստ ունի՝ Հայաստանի, հայերի ու պետականության պատմություն է, որևէ փոփոխության կարիք չկա։ Իսկ փոփոխություն առաջարկող այս նախագիծը ակտիվ քննարկվում է իրավական ակտերի միասնական կայքում, այստեղ 25 առաջարկ ու դիտարկում կա, բոլորը նույն բովանդակությամբ՝ մի փոխեք։