Ադրբեջանական պատվիրակությունն առնվազն մեկ տարով վտարվեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ)․ կառույցը նախօրեին ձայների 76 կողմ, 10 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
Ադրբեջանական 6-հոգանոց պատվիրակությունը կառույցին մեկ տարով հրաժեշտ է տալիս Եվրոպայի խորհրդին միանալուց ուղիղ 23 տարի անց։ Բաքուն կառույցի անդամ է դարձել 2001 թվականի հունվարի 25-ին։
Ադրբեջանցի պատգամավորներին Վեհաժողովից հեռացնելու առաջարկը, որին հիմնականում դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակության 9 անդամներ և մեկ պատգամավոր էլ Ալբանիայից, ներկայացրել է գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն։ Գերմանացի քաղաքական գործիչը դեռ տարիներ առաջ բացահայտել էր ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» աղաղակող փաստերը, որոնց համաձայն՝ Ալիևը միլիարդավոր դոլարներ է ծախսել արևմտյան ազդեցիկ քաղաքական գործիչների՝ այդ թվում ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորների վրա, որպեսզի վերջիններս աչք փակեն Ադրբեջանում տեղի ունեցող ճնշումների վրա և հարկ եղած դեպքում պաշտպանեն իր ռեժիմին։
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց սահմանելու անհրաժեշտության մասին խոսելիս Շվաբեն հիշեցրել է այդ փաստերը և պնդել՝ Բաքվի գործողությունները խախտում են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության սկզբունքները:
ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակությանը կառույցից հեռացնելու իր աննախադեպ որոշման հիմքում մի շարք պատճառներ է թվարկել՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդավարական խնդիրները՝ քաղբանտարկյալների աճող թիվը, ընտրությունների, կառավարման համակարգի, դատարանների անկախության առնչությամբ և ընդհանուր առմամբ՝ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները:
ԵԽԽՎ-ը հիշեցրել է, որ Ալիևի վարչակազմը Վեհաժողովի զեկուցողներին թույլ չի տվել ինչպես Ադրբեջանում մարդու իրավունքների, այնպես էլ Լաչինի արգելափակված միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելություն իրականացնել։
Կառույցի դժգոհությունն է հարուցել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը Վեհաժողովի պատվիրակությանը չի հրավիրել հետևելու գալիք նախագահական ընտրություններին՝ չնայած Բաքուն ունի հրավերն ուղարկելու պարտավորություն՝ որպես մոնիթորինգի ենթակա երկիր։
Ադրբեջանական պատվիրակությանն այժմ հնարավորություն է տրվել լրացնել բացթողումները, խոսքն այդ թվում դիտորդական առաքելությունների մուտքի թույլտվության մասին է, որից հետո կարող է վերադառնալ Ստրասբուրգ։
Բաքուն, սակայն, ոչ միայն մտադիր չէ կատարել այդ պահանջները, այլև սպառնում է լքել Եվրոպայի խորհուրդը։
Դեռ երեկ, մինչ ԵԽԽՎ-ը կընդուներ ադրբեջանական պատվիրակությանը վտարելու որոշումը, Վեհաժողովում ներկայացված ադրբեջանցի պատգամավորներն իրենք են շտապել հայտարարել, թե դադարեցնում են համագործակցությունն այս կառույցի հետ և մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին՝ «վեհաժողովում տիրող այլատյացության, ադրբեջանատյացության և իսլամատյացության անտանելի մթնոլորտի պատճառով»։
Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի գնահատմամբ՝ իրենց հեռացնելու որոշումը «Ադրբեջանի դեմ չարամիտ արշավի մաս է»։ Միաժամանակ, Սեիդովն արևմտյան երկրներին մեղադրել է Ադրբեջանի ընտրություններին միջամտելու և կոռուպցիայի մեջ։
Ադրբեջանցի որոշ փորձագետներ ԵԽԽՎ-ի որոշումը կապում են Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների ջերմացման հետ։
Ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Ալիլին «Թուրան» գործակալության հետ զրույցում ենթադրել է, որ Եվրոպայում շահագրգիռ խմբերը ցանկանում են սահմանափակել օտարերկրյա գործընկերներ ընտրելու Ադրբեջանի անկախությունը:
«Այդ խմբերն Ուկրաինայում իրենց ջանքերի օրինակով ձգտում են ազդել և խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի՝ արտաքին դաշինքներ ընտրելու հարցում, հույս ունենալով ստիպել Բաքվին հրաժարվել ինքնիշխան արտաքին քաղաքական որոշումներ կայացնելուց», - կարծիք է հայտնել Ալիլին։
Պաշտոնական Բաքուն առայժմ չի մեկնաբանել ԵԽԽՎ-ի որոշումը:
Փոխարենը, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ՝ այդ թվում APA , «Թրենդ» գործակալությունները, գրում են, որ Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բաքուն կարող է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավասությունը չճանաչելու մասին որոշում ընդունել:
Ադրբեջանի իշխանություններն առաջին անգամ չեն սպառնում լքել Եվրոպայի ամենահին ու ամենամեծ կազմակերպություններից մեկը համարվող Եվրախորհուրդը։ 2017 թվականին, երբ Բաքուն հրաժարվում էր ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին, որի ձերբակալությունն ու կալանքը ՄԻԵԴ-ը ապօրինի էր համարել, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց էր սկսել, որը կարող էր ավարտվել կազմակերպությունից Ադրբեջանի հեռացմամբ: Իլհամ Ալիևն այդ ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանն ինքը կարող է ինքնակամ դուրս գալ Եվրոպայի խորհրդից, որին անդամակցությունը միևնույն ժամանակ համարում էր իր հոր կառավարման տարիների գլխավոր դիվանագիտական ձեռքբերումներից մեկը։ Եվրախորհրդի հասցեին կոշտ հայտարարություններին զուգահեռ՝ Ադրբեջանի իշխանություններն այդուհանդերձ որոշեցին ազատ արձակել Մամեդովին: