Մատչելիության հղումներ

Հայամետ հայացքներով հայտնի Վիվեկ Ռամասվամին կաջակցի Դոնալդ Թրամփին


Այովայում կայացած ներկուսակցական ընտրություններում հանրապետական ընտրողների քվեների ավելի քան 7 տոկոս ստանալուց հետո մի շարք հայամետ հայտարարությունների հեղինակ, հնդկական ծագում ունեցող 38-ամյա գործարար Վիվեկ Ռամասվամին դադարեցնում է ընտրարշավը՝ աջակցություն հայտնելով քարոզարշավի միանձնյա առաջատարին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Ներկուսակցական ընտրությունների՝ հունվարի 23-ին Նյու Հեմփշիրում կայանալիք հաջորդ փուլից առաջ Թրամփն ու Ռամասվամին որոշեցին իրենց նորաստեղծ դաշինքն ամրագրել այդ նահանգում կազմակերպված համատեղ հանրահավաքով։

«Նա մեծ, հրաշալի, պայծառ ապագա ունի»,- անցած գիշեր Ատկինսոն քաղաքում իր նորահայտ դաշնակցին ներկայացնելով՝ հայտարարել է Թրամփը։

Այդ նույն հավաքի ընթացքում Ռամասվամին Միացյալ Նահանգներում ստեղծված իրավիճակին ծայրահեղ կտրուկ բնորոշումներն է տվել։

«Մենք այս երկրում պատերազմի մեջ ենք։ Դա, սակայն, պատերազմ չէ սևերի և սպիտակների կամ նույնիսկ հանրապետականների և դեմոկրատների միջև։ Դա պատերազմ է մարդկանց միջև, որոնք սիրում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, և այն լուսանցքային փոքրամասնության միջև, որն ատում է այս երկիրը և այն ամենը, հանուն ինչի մենք ենք հանդես գալիս», - ասել է Ռամասվամին։

Թե ներքին և թե արտաքին քաղաքականությանը վարեբերող կտրուկ հայտարարություններ Ռամասվամին հնչեցնում էր քարոզարշավի ողջ ընթացքում։ Դրանց թվում էին նաև Ադրբեջանին ուղղված կոշտ ձևակերպումները։

Հոկտեմբերին, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հայաթափումից մոտ մեկ ամիս անց, հայտնի լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցի ժամանակ Ռամասվամին մեղադրում էր արևմտյան առաջատար լրատվամիջոցներին՝ արցախահայության զրկանքները լռության մատնելու մեջ, քանի որ, Ռամասվամիի բնորոշմամբ, «քրիստոնյաների ճակատագիրն այդ մարդկանց քիչ է հետաքրքրում»։

«Ձեր հաղորդումների ընթացքում դուք քանի՞ ժամ, րոպե կամ վայրկյան եք նվիրել այն ամենին, ինչ արեց Ադրբեջանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ։ Պատասխանն ըստ ամենայնի զրո է», - հայտարարել էր նա։

Երիտասարդ հանրապետականը նաև «Զանգեզուրի միջանցքի» հետևողական ընդդիմախոսներից է։ Նա այս թեմային այնքան հաճախ էր անդրադարձել, որ աշնանը Վաշինգտոնում կազմակերպված քննարկումներից մեկի ժամանակ Hudson-ի ինստիտուտի ավագ փորձագետ Մայքլ Դորանը նրան նույնիսկ հարցրեց. «Ինչո՞ւ եք Դուք դեմ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, չէ՞ որ դա բխում է նաև Միացյալ Նահանգների շահերից»։

Աջ հայացքներով հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ զրույցի ժամանակ էլ Ռամասվամին պնդել էր՝ Բաքվի վաշինգտոնյան լոբիստներին հաջողվում է լռեցնել Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած քննարկում։

«Տեսեք, թե ինչ է կատարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Այժմ այդ մասին դուք առաձնապես շատ չեք լսում, որովհետև ադրբեջանական լոբին Վաշինգտոնում նույնքան արդյունավետ է գործում որքան ուկրաինականը», - նշել էր Ռամասվամին։

Սխալ կլիներ, սակայն, կարծել, թե նա, ինքնաբացարկ հայտնելով, պատրաստվում է լքել քաղաքական ասպարեզը։ Ամերիկյան մամուլում վերջին երկու օրերին ի հայտ եկող հրապարակումների համաձայն՝ Թրամփի պաշտոնական առաջադրման դեպքում մեծ է հավանականությունը, որ հենց Ռամասվամին կարող է դառնալ նրա փոխնախագահի թեկնածուն։ Այս տրամադրությունները տեսանելի են ոչ միայն մամուլի էջերում, այլև շարքային հանրապետականների շրջանում։ Նյու Հեմփշիրում երեկ երեկոյան կայացած նախընտրական հանրահավաքի մասնակիցներից շատերն, օրինակ, Ռամասվամիի ելույթն ուղեկցում էին VP, այսինքն՝ «փոխնախագահ» վանկարկումներով։

Ի դեպ, առաջինն, ինչ արեց Ռամասվամին Թրամփին աջակցություն հայտնելուց հետո, գործող փոխնախագահ Քամալա Հարիսին քննադատելն ու նրան բանավեճի հրավիրելն էր։

«Այս քայլը Ռամասվամիի փոխնախագահական հավակնությունների ևս մեկ վկայությունն էր», - գրում են ամերիկյան պարբերականները։

Ինքը՝ Դոնալդ Թրամփը դեռ լուռ է։ Նա առայժմ չի հստակեցնում՝արդյոք պատրաստ է Վիվեկ Ռամասվամիի հետ միասին մասնակցել նոյեմբերին կայանալիք ընտրություններին։ Իսկ այն, որ հանրապետականների թեկնածուն հենց Թրամփն է լինելու, գրեթե որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Վերջին հարցումների համաձայն՝ ներկուսակցական ընտրությունների ընթացքում նախկին նախագահի օգտին պատրաստ է քվեարկել գրանցված հանրապետական ընտրողների ավելի քան 60 տոկոսը։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 5-ին նշանակված համապետական ընտրություններին, ապա այստեղ ևս, ըստ վերջին հարցումների, Թրամփի հաղթանակի շանսերը բավական մեծ են։ Հունվարին հրապարակված երեք ամենախոշոր սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ Թրամփի աջակիցների թիվը գերազանցում է գործող նախագահ Բայդենի կողմնակիցների թվին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG