Մատչելիության հղումներ

Բանակից խուսափած 27-37 տարեկան տղամարդիկ այսուհետև գումարի դիմաց կարող են ազատվել քրեական հետապնդումից


Բանակից խուսափած 27-37 տարեկան տղամարդիկ այսուհետև գումարի դիմաց կարող են ազատվել քրեական հետապնդումից։ Խորհրդարանն այսօր օրենքի ուժ տվեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին։

Զինծառայությունից խուսափած քաղաքացիները, ըստ նոր օրենքի, 5 տարվա ազատազրկման փոխարեն կարող են կա՛մ ծառայել բանակում՝ երկու տարվա փոխարեն 2,5 տարի, կա՛մ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամի դիմաց։ Այլ տարբերակներ էլ կան. 2,5 միլիոն դրամ վճարել ու ծառայել 12 ամիս, 5 միլիոն դրամի դիմաց՝ վեց ամիս, 8 միլիոն դրամի դեպքում էլ՝ ընդամենը 1 ամիս։

Ավելի քան 15 տարի առաջ ծնողների հետ Հունաստան տեղափոխված Դավիթ Մովսեսյանը տևական ժամանակ անհամբեր սպասում էր այսպիսի մի հնարավորության՝ հայրենիք գալու, հարազատներին հանդիպելու համար։ 2 տարի առաջ նա համաներվել է։ Նոր օրենքը ողջունելի է, բայց, ասում է, նուրբ հարցեր կան։ Մոտ 40 հազար դոլարը ամեն մեկի գրպանի բան չէ, ավելի քիչ գումարով ծառայության անցնելու տարբերակն էլ՝ ոչ իրատեսական։

«Ոչ էլ հնարավորություն ունեն բացակայել անգամ 7 ամսով կամ 10 ամսով, քանի որ իրենց ուսերին են դրված ամբողջ ընտանիքի ծախսերը: Ես հասկանում եմ, որ պետության համար այդ հարցն այդքան էլ կարևոր չի և մտածում է պետության զարգացման ու բանակի մասին, դա ճիշտ է, բայց ես կարծում եմ, որ տարեվերջին ամփոփելով արդյունքները հասկանալի կդառնա, որ վերամշակման, վերանայելու կարիք ունի այս օրենքը, քանի որ համոզված եմ, որ վերադարձողների մեծամասնությունը կվերադառնա ընտրելով այդ 15 միլիոնի տարբերակն և ոչ բացակայելու իրենց բնակավայրից», - ասաց Մովսեսյանը:

Նախագիծը հեղինակած Հայկ Սարգսյանի տվյալներով՝ բանակից խուսափած և 27 տարին լրացած շուրջ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։ Նախագիծը ներկայացնելիս նա պնդում էր՝ սա հազարավոր տղամարդկանց համար հայրենիք վերադառնալու հնարավորություն է։

Փոքր տարիքում արտերկրում հայտնված Դավիթի պես շատ երիտասարդներ մասնավոր զրույցներում խոստովանում են՝ այս կյանքն իրենց ընտրությունը չի եղել, իսկ հիմա՝ կրթություն, աշխատանք ստանալուց հետո դժվար է 180 աստիճանով նորից կյանքը փոխել։

«վերադարձա Հայաստան, բայց լինելով նկարիչ երկար տարիներ մասնակցում եմ համաշխարհային մրցանակաբաշխությունների ու միշտ ունեցել եմ հունական դրոշն իմ նկարների ու իմ անունի վերևում, իսկ հիմա համաներման շնորհիվ ունենալով հնարավորություն ձեռք բերել նորից անձնագիր, կարողանում եմ Հայաստանի դրոշի ներքո հանդիսանալ այդ մրցանակաբաշխություններին», - նշեց Դավիթ Մովսեսյանը:

Օրինագիծը քննադատեց ընդդիմությունը, «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց, «Պատիվ ունեմ»-ը՝ ձեռնապահ:

Սակայն Հայկ Սարգսյանի թիվ մեկ քննադատը հենց իր թիմակից Հովիկ Աղազարյանն էր։ ՔՊ-ական պատգամավորը վստահ էր, որ սա կոռուպցիայի նոր հնարավորություն է, և մեծահարուստների երեխաները կստանան արտոնյալ կարգավիճակ, ավելին՝ հենց խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ այսօր էլ մարդիկ խոշոր գումարի դիմաց ազատվում են բանակից։

«Այսօր մենք բոլորս էլ գիտենք, որ կոռուպցիոն որոշակի սխեմաներ կան, որոնց արդյունքում շատ երիտասարդներ ազատվում են ծառայությունից: Մենք այս նախագծով, եթե կարելի է այդպիսի տերմին օգտագործել, բարոյական լեգիտիմություն ենք տալիս էն մարդկանց, որոնք ընդգրկված են այս կոռուպցիոն սխեմայի մեջ, որովհետև ինչո՞ւ թույլ տանք Գևորգ Գևորգյանը, որը կարող քաղաքացի է, բիզնեսմեն է և այլն, իր երեխային ուղարկի դուրս, 27 տարին լրանա, հետո 15 միլիոն դրամ վճարի, նոր վերադառնա հայրենիք», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Այս կոշտ քննադատությունից հետո, սակայն, Աղազարյանը, ըստ Ազգային ժողովի կայքի, կողմ քվեարկեց օրինագծին։ Ի դեպ, Պաշտպանության նախարարությունը ևս վերապահում ուներ, սակայն օրինագիծը չխմբագրվեց և ամբողջությամբ ընդունվեց։

XS
SM
MD
LG