Միացյալ Նահանգներում մեկնարկում են ներկուսակցական ընտրությունները՝ փրայմերիները։
Առաջինն այսօր քվեատուփերի մոտ կգնան Այովա նահանգի հանրապետական ընտրողները։
Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու դառնալու համար պայքարում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։
Des Moines Register թերթի և NBC հեռուստաընկերության անցկացրած համատեղ հարցման համաձայն, ընտրարշավի միանձնյա առաջատարը Դոնալդ Թրամփն է, նրա օգտին պատրաստ է քվեարկել Այովայի հանրապետական ընտրողների 48 տոկոսը։
Նիկի Հեյլիի օգտին մտադիր են քվեարկել տեղացի հանրապետականների 20 իսկ Դե Սանտիսի օգտին՝ 16 տոկոսը։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, սակայն, ընտրողների մասնակցության ցուցանիշի վրա կարող է ազդել Այովայում հաստատված աննախադեպ ցրտաշունչ եղանակը։
Կիրակի օրը նահանգում մինուս 30 աստիճան էր։ Դոնալդ Թրամփը սակայն, դիմելով իր կողմնակիցներին, կոչ է արել չխուսափել ընտրություններին մասնակցելուց։
«Նույնիսկ, եթե քվեարկելուց հետո դուք մահանաք, դա զուր ջանք չի լինի», - նախընտրական վերջին հանրահավաքի ժամանակ կատակել է նախկին նախագահը։