Մատչելիության հղումներ

Մոսկվան Եմենում ԱՄՆ-ի հարվածների հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է պահանջել


Ռուսաստանը հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել՝ Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հարցով, հաղորդում է ՄԱԿ-ում ռուսական մշտական ներկայացուցչությունը։

ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ հանդիպումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կարմիր ծովում նավարկության անվտանգության մասին բանաձև էր ընդունել՝ պահանջելով անհապաղ դադարեցնել նավերի վրա հարձակումները։ Փաստաթղթին կողմ էին քվեարկել 11 երկիր։ Ձեռնպահ էին Ռուսաստանը, Ալժիրը, Չինաստանը և Մոզամբիկը։ Մինչ քվեարկությունը Ռուսաստանը մի շարք ուղղումներ էր առաջարկել ամերիկյան փաստաթղթում, սակայն դրանք բոլորը, ըստ ՏԱՍՍ-ի, մերժվել էին։ Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեմ էին քվեարկել ռուսական առաջարկներին։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում։ Օգտագործվել է տարբեր տեսակի ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք։ Հարվածներ են հասցվել թե՛ օդից, թե՛ ծովից։

Ավելի վաղ հութիները հայտարարել էին, որ կշարունակեն թիրախավորել Իսրայելի հետ կապված նավերը Կարմիր ծովում, միջազգային նավագնացության ընկերություններն էլ վերջին օրերին, անվտանգային նկատառումներից ելնելով, փոխում էին նավերի երթուղին՝ շրջանցելով Կարմիր ծովը, որը հավելյալ ծախսեր էր առաջացնում։ ԱՄՆ-ն էլ միջազգային գործողություն էր հայտարարել՝ Կարմիր ծովի նավագնացության անվտանգությունը ապահովելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG