Իրանը միշտ աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան` վերահաստատեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ շեշտելով՝ այն, ինչը պատճառ կդառնա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտման, Թեհրանի համար ընդունելի չէ։
«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և այն, ինչը պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտվի, մենզ համար ընդունելի չէ», - ասաց դեսպանը։
«Ազատության» հարցին՝ «քանի որ Դուք ասացիք, որ Ձեզ համար անընդունելի է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, եթե խախտվեն այդ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, Իրանը կոնկրետ քայլեր կձեռնարկի՞ այս ուղղությամբ», դեսպանը պատասխանեց. - «Չի խախտվի»։
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին հայտարարել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։
«Նախ և առաջ՝ նրանք մեզ պետք է անխոչընդոտ անցում տան Զանգիլանի ու Օրդուբադի միջև, դա նրանց պարտավորությունն է։ Բեռները, քաղաքացիները և ավտոմոբիլային միջոցները, որոնք կերթևեկեն Ադրբեջանից Նախիջևան, պետք է ազատորեն անցնեն, առանց որևէ զննության ու մաքսային վարչարարության», - ասել է Ալիևը։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է։ Երևանը նաև շարունակում է պնդել, որ ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ոչ էլ Ադրբեջանի հետ բանակցություններում «միջանցքային տրամաբանություն չկա», իսկ ապաշրջափակման դեպքում սահմանի վերահսկողություն իրականացնելու է միայն հայկական կողմը։