Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ

Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև նոր սկանդալ է հասունանում, այս անգամ՝ լրտեսական։ Օրեր շարունակված լռությունից հետո Բաքուն այսօր հաստատեց մինչ այդ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ֆրանսիացի գործարարի է ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով։ Եթե առաջադրված մեղադրանքները ապացուցվեն, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լելյա Աբդուլաևան Reuters-ին ասել է, որ ձերբակալվածը Մարտին Ռայանն է, ում ադրբեջանական իշխանությունները դատապարտել են չորս ամսվա նախնական կալանքի:

Ձերբակալությունը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, սակայն մինչ օրս Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը այս մասին որևէ բառ չի հրապարակել։

Ֆրանսիական կողմը ևս առայժմ խուսափում է մեկնաբանություններից, արտգործնախարարությունը Reuters-ի հարցմանն այսօր էլ չի պատասխանել։

Ռայանի փաստաբանը ևս հրաժարվել է մանրամասներ հաղորդել France-Presse-ին` պատճառաբանելով, թե «այս գործի մասին խոսելը վտանգավոր է»։ Ընդ որում, ադրբեջանցի փաստաբանը պնդել է, թե Ռայանը կապեր է ունեցել ֆրանսիացիների հետ, որոնք, ինչպես հետագայում է պարզվել, եղել են ֆրանսիական հետախուզության լրտեսներ։ «Մարտինը, սակայն, լրտես չէ, նա շարքային քաղաքացի է», - ասել է փաստաբանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե ֆրանսիացի գործարարը հրապարակային ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկել։ Ըստ բաց աղբյուրների՝ նա 2020 թվականին Բաքվում հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է Merkorama LLC ընկերությունը, որը զբաղվում է սննդի ներկրմամբ ու խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ։

Ադրբեջանում անցկացրած երեք տարիների ընթացքում ֆրանսիացին մեկ անգամ է հարցազրույց տվել՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց։ Ֆրանսալեզու Caucasefrance.com կայքի հետ զրույցում նա քննադատել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, որ պաշտոնավարման ընթացքում երբևէ Բաքու չի այցելել, պնդել, թե երկու երկրների դիվանագիտական լարված հարաբերությունների պատճառով գործարար կապերն են տուժում: «Ֆրանսիական ընկերությունները զրկված են ազատագրված տարածքներում վերակառուցման խոշոր ծրագրերին մասնակցելու հնարավորությունից», - ասել էր նա, հավելելով՝ այդ հարցում Ֆրանսիան զիջում է դիրքերը այն երկրներին, որոնք աջակցել էին Ադրբեջանին պատերազմի ժամանակ և հիմա էլ լայնորեն օգտվում են Ադրբեջանի տնտեսական հնարավորություններից։

Ֆրանսիացի գործարարը նաև Հայաստանի կառավարությունից էր խոսել, պնդել, թե Փաշինյանի վարչակազմը պետք է դեմ առ դեմ բանակցություններ վարի Բաքվի հետ, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բացի սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ, և կանխատեսել, թե Բաքուն ու Անկարան են դառնալու Հայաստանի թիվ մեկ ներդրողն ու առևտրային գործընկերը։

Ադրբեջանի նախագահի կամ կառավարության մասին Ռայանը որևէ բառ այդ հարցազրույցում չէր ասել։

Այսօր փաստաբանն ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, թե իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքները և պատրաստվում է բողոքարկել նախնական կալանքը։

Նույնը նաև ֆրանսիացի գործարարի ընտանիքն է ասել France-Presse-ին։ «Մենք չորս անգամ խոսել ենք նրա հետ, ամեն անգամ՝ երկու րոպեով», - ասել է Ռայանի հայրը, հավելելով, թե որդին վստահ է՝ ինքը ճաղերի ետևում է հայտնվել Ֆրանսիայի ու Ադրբեջանի սրված հարաբերությունների պատճառով։

Անցած տարեվերջին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե «երկու երկրների կապերը վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են՝ Փարիզի հայամետ քաղաքականության պատճառով»:

Մինչ այդ էլ նախագահ Ալիևն էր նույնը պնդել ու չեղարկել Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցության պատճառով:

Ի դեպ, ֆրանսիացի գործարարին ձերբակալելուց շաբաթներ անց՝ անցած տարվա դեկտեմբերի 26-ին Բաքուն արտաքսել էր երկու ֆրանսիացի դիվանագետների՝ պատճառաբանելով, որ նրանք «ապօրինի գործունեությամբ են զբաղվել»: Թե կոնկրետ ովքեր էին այդ դիվանագետները, ինչ պաշտոններ էին զբաղեցնում և ինչ գործունեության համար են արտաքսվել՝ պաշտոնական Բաքուն մինչ օրս չի բացահայտել։ Փարիզը հերքել էր այդ մեղադրանքները և ի պատասխան արտաքսել երկու ադրբեջանցի դիվանագետների։

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, նաև թե անցած նոյեմբերին Ֆրանսիայի կիբերհանցագործություններով զբաղվող վարչությունը բացահայտել է, որ Ադրբեջանից հատուկ ապատեղեկատվական արշավ է իրականացվել այս տարվա Օլիմպիադան Ֆրանսիայում անցկացնելու դեմ։ «Այդ արշավի նպատակն էր կասկածի տակ դնել Ֆրանսիայի կարողություններն ու վարկաբեկել այդ երկիրը», հաղորդում են Reuters-ն ու France-Presse-ը, որոնց տրամադրության տակ է հայտնվել այդ մասին ֆրանսիական հատուկ ծառայությունների զեկույցը։

XS
SM
MD
LG