Կենտրոնական Ռուսաստանի հարյուր հազարավոր բնակիչներ բախվել են ջեռուցման և էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների՝ ծայրահեղ ցրտերի պայմաններում: Էլեկտրաէներգիայի և ջերմամատակարարման ընդհատումներ են գրանցվել Յարոսլավլի, Լենինգրադի, Ռյազանի և Վորոնեժի մարզերում:
Խնդիրներից չի խուսափել ենթակառուցվածքներով առավել բարեկեցիկ Մոսկվան՝ հունվարի 4-ին քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում 40 տուն մնացել էր առանց էլեկտրականության՝ այրված տրանսֆորմատորային ենթակայանի պատճառով։
Բայց ամենազանգվածային ջերմային անջատումները տեղի են ունեցել մերձմոսկովյան Կլիմովսկում՝ Պոդոլսկից հարավ-արևմուտք ընկած շրջանում: Այնտեղ տներին տաք ջուր մատակարարող երեք կաթսայատներից մեկում տեղի ունեցած վթարի պատճառով տասնյակ հազարավոր բնակիչներով 200 բազմահարկ շենքեր սկսեցին սառչել։ Բնակիչները պաստառներով դուրս էին գալիս Պոդոլսկի կենտրոնական հրապարակներ, հարյուրավոր գրառումներ անում սոցիալական ցանցերում, բաց նամակներ գրում քաղաքի և երկրի իշխանություններին։
Ռուսաստանի նախագահը տեղյակ է Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մասին, նախօրեին հայտարարել է Կրմելի խոսնակը, իսկ երեկ երեկոյան Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Մոսկվայի մարզի նահանգապետի հետ, վերջինս էլ հանդիպել է տուժած բնակիչներին: Երբ խնդրին միջամտեց Ռուսաստանի նախագահը, արագ պարզեցին, թե ով է մեղավոր։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել, ձերբակալվել են Պոդոլսկի քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը, կաթսայատան ղեկավարը։ Նրանց մեղադրում են մարդկանց կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու մեջ։ Մոսկվայի մարզի նահանգապետը բնակիչների հետ հանդիպմանը խոստովանել էր, որ անզոր էր որևէ բան անել, մինչև չեն միջամտել ուժային կառույցները:
«Վերջապես մեզ հաջողվեց կարգավորել այս իրավիճակը, այս հիմար թյուրիմացությունը։ Այսօր վերջապես այդ կաթսայատունը մեզ հանձնեցին կառավարման։ Շնորհակալություն մեր ուժային կառույցներին, առանց ուժայինների, նույնիսկ ես, որպես մեծ չինովնիկ ոչինչ չէի կարող անել», - ասել է Վորոբյովը։
Սա շատ ռուսական թեմա է․ համակարգը չի աշխատում, իսկ որպեսզի գոնե մի քիչ աշխատի պետք է վերևից խառնվեն, ասում է «Եվրոպական Պետերբուրգ» շարժման համահիմնադիր Մաքսիմ Ռեզնիկը:
«Միջամտելու այլ գործիք բացի ռեպրեսիաներից Ռուսաստանում գոյություն չունի։ Ցանկացած խնդիր կարգավորում են քրեական գործ բացելով և մարդկանց ձերբակալելով: Համակարգը պարզապես չի աշխատում։ Սրանք համակարգային խնդիրներ են, որոնցից տուժում են Մոսկվայի մարզի, Պետերբուրգի բնակիչները: Այդ խնդիրները չեն կարգավորվում որովհետև նրանց հիմքում այս հանցագործ պատերազմն է Ուկրաինայում և կոռուպցիան», - նշել է Ռեզնիկը:
Իրավիճակը Ռուսաստանում չի փոխվի քանի դեռ չի փոխվի ռեժիմը, ասում է քաղաքական գործիչը և հավելում, թե տրամաբանական է, որ այսօր բոլոր հարցերը ՌԴ-ում կարգավորում է Քննչական կոմիտեն։
Ռուսաստանի կենտրոնական շրջաններում արդեն մեկ շաբաթից ավելի է՝ սարսափելի ցուրտ եղանակ է, գիշերները օդը ցրտում է մինչև -27։
Ամեն ձմեռ Ռուսաստանում նման խնդիրներ են առաջանում, երբ տարբեր քաղաքներում շարքից դուրս է գալիս ջեռուցման համակարգը: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ ռուսական աշխատավարձերի և թոշակների համեմատ, կոմունալ ծախսերը մեծ գումար են կազմում։ Օրինակ՝ միջին թոշակը 15 հազար ռուբլի է, իսկ կոմունալ վճարումները՝ առնվազն 8-9 հազար ռուբլի։