78 տարեկանում մահացել է գերմանացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը։ Լուրը հայտնել է DPA գերմանական գործակալությունը։
Կենտրոնական պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում ֆուտբոլիստի կարիերան անցկացրած Բեկենբաուերը Գերմանիայի հավաքականի կազմում 1974 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 1972 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։
Բունդեսլիգայոում նա 1964-1977 թվականներին անցկացրել է ավելի քան 400 հանդիպում Մյունխենի «Բավարիայի» կազմում, չորսական անգամ դարձել է չեմպիոն և գավաթակիր, երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի հաղթող, մեկական անգամ վաստակել է Եվրոպայի գավաթակիրների գավաթը և Միջմայրցամաքային գավաթը:
Նա խաղացել է նաև Համբուրգի նույնանուն թիմում, որի կազմում դարձել է ԳՖՀ չեմպիոն, բացի այդ Նյու Յորքի «Կոսմոսի» կազմում երեք անգամ հաղթել է Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլային լիգայում։
Բեկենբաուերը Եվրոպայի ինը խաղացողներից մեկն է, ովքեր հաղթել են աշխարհի առաջնությունը, Եվրոպայի գավաթը և Չեմպիոնների լիգան: Նա երկու անգամ ստացել է France Football-ի սահմանած «Ոսկե գնդակը» որպես տարվա լավագույն խաղացող (1972, 1976):
Որպես Գերմանիայի հավաքականի մարզիչ՝ նա հաղթել է 1990 թվականի աշխարհի առաջնությունում։
Նա մեկն է այն երեք ֆուտբոլիստներից, ովքեր հաղթել են աշխարհի առաջնությունը և՛ որպես խաղացող և՛ որպես մարզիչ: Նման հաջողություն են գրանցել նաև բրազիլացի Մարիո Զագալոն և ֆրանսիացի Դիդյե Դեշամը:
Նրա ղեկավարմամբ 1991 թվականին «Մարսելը» դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Մյունխենի «Բավարիան» 1994-ին հաղթել է Բունդեսլիգայում և 1996-ին ստացել է ՈՒԵՖԱ-ի գավաթը:
Ֆրանց Բեկենբաուերը նաև բազմիցս ընդգրկվել է ֆուտբոլի Եվրոպայի և աշխարհի խորհրդանշական հավաքականների կազմում և համաշխարհային մարզական ասպարեզում համարվել է ամենահեղինակավոր գործիչներից մեկը:
Ֆուտբոլի գերմանացի երկրպագուների և մարզական լրագրողների շրջանում նրան հարգանքով անվանել են «Կայզեր Ֆրանց»: