Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինի եթերով չհեռարձակելու մասին


Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերության եթերով չհեռարձակելու կապակցությամբ:

Լրագրողական կազմակերպությունները հայտարարել են՝ ավանդույթները, որոնք գրեթե պետական արարողակարգի բնույթ են ստացել, պետք է փոփոխության ենթարկվեն միայն հանրային կարծիքի ուսումնասիրության և հնարավոր հետևանքների վերլուծության արդյունքում։

«Ի գիտություն ընդունելով Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումն առ այն, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի դրանք, այնուամենայնիվ պնդում ենք, որ, նախ, տվյալ պարագայում հանրային հեռարձակողին տեղին չէ նույնացնել «յուրաքանչյուր հեռուստաընկերության» հետ, և, բացի այդ, ներկայացված փաստարկն ընդունելի կլիներ, եթե Խորհուրդը նախապես հանդես գար նման նախաձեռնությամբ կամ հայտարարեր դրա մասին, թեման դարձներ բազմակողմանի քննարկման առարկա՝ այդ ընթացքում պահպանելով արմատավորված պրակտիկան», - նշված է հաղորդագրությունում։

Լրագրողական կազմակերպություններն ընդգծել են, որ Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագող հակասությունները չեն կարող նպաստել հանրային կյանքի առողջացմանը, այլ հակառակը՝ սնում են հասարակության տարբեր շրջանակների միջև ձևավորված բևեռացումը։

Նրանք Հանրային հեռարձակողի խորհրդին կոչ են անում՝ «առավել շրջահայացություն դրսևորել գործունեության այն ավանդույթների նկատմամբ, որոնք ծայրահեղ զգայուն են հասարակության համար, և դրանք փոփոխելիս հիմնվել վստահելի ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, նախաձեռնել հանրային և մասնագիտական քննարկումներ Հանրայինի եթերում Ամանորի ուղերձները հեռարձակելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ։

Մայր աթոռից դեկտեմբերի 31-ին հայտարարել էին, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է Կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ, ինչպես ամեն տարի է եղել: Հանրային հեռարձակողի խորհուրդն էլ պնդել է, որ Հանրայինը չի հրաժարվել հեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը: Ըստ հայտարարության, կիրակի օրը Մայր Աթոռի անունից Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Վեհափառ հայրապետի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG