Լոռի կատարած աղմկահարույց այցից երկու օր անց վարչապետն այսօր էլ Արմավիրի մարզ է գնացել ու շրջայցից հետո ազատել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ Նիկոլ Փաշինյանն այս մարզում էլ դժգոհ է մնացել պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքներից, ստուգել կախիչների ու ծորակների ամրությունը, քննադատել շինարարին բացօթյա մարզադաշտում կուտակված անձրևաջրերի համար։
Վարչապետը երկու օր առաջ Լոռու 7 բնակավայրերում էր եղել, խիստ քննադատել պատասխանատու պաշտոնյաներին ու ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին ու Լոռու մարզպետին։ Մեդովկայում, որտեղ կառավարությունն ավելի քան 700 միլիոն դրամ է հատկացրել 140 աշակերտի համար նախատեսված նոր մոդուլային դպրոց կառուցելու նպատակով, դպրոցի աշխատակիցների ու աշակերտների առջև ելույթ էր ունեցել ու անգամ ակնարկել, թե կոռուպցիոն «ատկատների» հոտ է գալիս։ Փաշինյանը պահանջել էր կարճ ժամկետներում վերացնել բոլոր թերությունները։
Այսօր Մեդովկայի դպրոցի տնօրեն Սուսաննա Ավդալյանը չցանկացավ ձայնագրվել, բայց ասաց՝ «Թի-Քոնսթրակշըն» ընկերության շինարարներն իրենց մոտ են, աշխատում են։ Դեռ հայտնի չէ՝ երկուշաբթի օրը ուսումնական կիսամյակը նորակառույց դպրոցում կմեկնարկեն, թե ոչ, բայց շինարարները տնօրինությանը խոստացել են արագ ավարտել աշխատանքները։
Վանաձորի երկու դպրոցներում կառուցվող մարզադահլիճներում ևս վարչապետը թերություններ էր նկատել, մինչդեռ այնտեղ այսօր շինարարներ չեն երևացել։ Վանաձորի թիվ 27 դպրոցի աշխատակիցներն ասացին՝ դժվար թե առաջիկա երկուշաբթի՝ ուսումնական կիսամյակին, արդեն մարզադահլիճը շահագործման պատրաստ լինի. - «Մասնակի է, բայց վերջնական շատ բաներ կան՝ դեռ պատրաստ չեն… Ջուրը մտնում է, բայց չի դադարում, հիմա խնդիրը թե ռադիատորից է, թե սարքավորումներից, թե կածելնուց, որ չի հասնում տաքացնի»։
Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սամվել Աքուլյանը ցույց տվեց մետաղյա զուգափայտերը, որ պետք է որ հենց փայտից լինեին ու անվտանգ երեխաների համար։ Մինչդեռ դրանք երկաթից են ու ծայրերը՝ անհարթ. - «Սա զուգափայտ է, սա պետք է լիներ փայտից, խողովակ է, սա արդեն շատ վտանգավոր է։ Այս սուր ծայրերով եթե երեխու գլուխը կպավ, արդեն պարզ է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ»։
Դպրոցներում, որտեղ շվեդական պատ կոչվող փայտյա աստիճանները տեղադրվել են առանց լաքապատվելու, ասում են, որ դրանք վարչապետի այցից առաջ շինարարներն արագ տեղադրել են՝ պատրաստ լինելու տպավորության համար։
Տնօրեն Գարեգին Քարհանյանն ասաց՝ իրենք էլ պայմանավորվածություն ունեն շինարարների հետ, խոստում են ստացել, որ արագ կավարտեն աշխատանքը, թեև շինարարության ժամկետներն արդեն խախտվել են։
«Շինարարի ասելով՝ ոնց որ թե նոյեմբերին պետք է ավարտվեր, բայց որոշակի ձգձգվեց։ Բայց ինչն է պատճառը՝ չգիտեմ», - ասաց նա։
«Հետք» պարբերականի տվյալներով՝ Լոռու մարզում 5 մարզադահլիճ ու մեկ մոդուլային դպրոց կառուցած «Թի-Քոնսթրակշըն» ընկերությունը, որ հիմնադրվել է 2016 թվականին, «Տաշիր» գրուպի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ է կապվում։ Միայն մարզադահլիճների կառուցման համար Քաղաքաշինության կոմիտեն ավելի քան 1 միլիարդ դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Թի-Քոնսթրակշըն» ՓԲԸ-ի հետ։ Մարզադահլիճների շինարարության տեխնիկական հսկողությունն էլ 53 միլիոն դրամով իրականացրել է «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն։
Երեկ տեղի ունեցած պաշտոնանկություններից հետո դեռ նոր նշանակումներ չեն եղել։ Վարչապետի աշխատակազմն այսօր հայտարարել է, որ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար ինքնակենսագրությունների հավաքագրում է սկսում։ Լոռու մարզպետի պաշտոնի համար տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ Լոռու նախկին ոստիկանապետի և ՔՊ-ական պատգամավորների անունները։