Մատչելիության հղումներ

Պետական մի շարք գերատեսչություններ տարին կրկին եզրափակել են պարգևավճարներով


Պետական մի շարք գերատեսչություններ 2023-ը եզրափակել են պարգևավճարներով։ Ընդ որում՝ այսպես կոչված՝ 13-րդ աշխատավարձին ավելացել է ևս մեկը՝ Ամանորի և Սուրբ Ծննդի համար։ Երկու դեպքում էլ մեկ ամսվա աշխատավարձի չափով են պարգևատրվել որոշ պաշտոնյաներ ու հանրային ծառայողներ։

Պարգևավճարներ, սակայն, ոչ բոլորն են ստացել։ Օրինակ՝ գործադիրից «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են՝ վարչապետի աշխատակազմը ո՛չ 13-րդ աշխատավարձ է ստացել, ո՛չ էլ Ամանորի ու Սուրբ Ծննդի համար է պարգևատրվել։ Փոխարենը կառավարության ղեկավարի աշխատակազմը տարվա ընթացքում է պարգևավճար ստացել։ Որքա՞ն և ե՞րբ՝ գործադիրից չեն հստակեցրել։

«Պարգևատրումն իրականացվել է 2023 թվականի ընթացքում բոլոր աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարաման որակի և արդյունավետության տարեկան կտրվածքով ամփոփման արդյունքում՝ օրենքով նախատեսված «Պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ և հատուկ վճարներ» հոդվածի միջոցներից», - հայտնել են վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունից։

Իսկ թե նախարարությունները պարգևավճարներ տրամադրել են, թե ոչ, գործադիրից առաջարկել են առանձին-առաձնին հարցումներ ուղղել կոնկրետ գերատեսչությունների։

Օրենսդիր մարմնում պատգամավորներն ու աշխատակազմը տարեվերջին նախատոնական երկու պարգևավճար են ստացել, երկուսն էլ՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։

»Դեկտերմբեր ամսին Ազգային ժողովի պատգամավորները, պետծառայողներն ու աշխատակիցները մեկ դրույքաչափով պարգևատրվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, նաև այսպես ասած՝ 13-րդ աշխատավարձ են ստացել՝ էլի մեկ դրույքաչափով», - «Ազատությանը» փոխանցեց ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը։

Պարգևավճարների համար, ըստ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի, Ազգային ժողովի միջոցներից շուրջ կես միլիարդ դրամ կամ 1 միլիոն 250 հազար դոլար է հատկացվել։ Խորհրդարանի ղեկավարն, անդրադառնալով պարգևավճարների թեմային, հայտնել էր՝ դրանք այսուհետև տարվա մեջ երկու անգամ են տրամադրվելու՝ Հայաստանի անկախության և Ամանորի տոների առիթով։

Երևանի քաղաքապետարանը ևս բոլոր՝ 667 աշխատակիցներին, այդ թվում՝ ղեկավար կազմին, 2023-ի ավարտին «13-րդ աշխատավարձ» է փոխանցել։ Պարգևավճարների համար, ըստ քաղաքապետարանի, շուրջ 223 միլիոն դրամ է տրամադրվել կամ ավելի քան կես միլիոն դոլար։

«Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ներին, ապա դրանք առանձին իրավաբանական անձինք են, որոնց համար համայնքային բյուջեից հատկացումներ չեն եղել», - ասված է քաղաքապետարանի պատասխանի մեջ։

Արդյո՞ք քաղաքացիներն տեղին են համարում պաշտոնյաների ու պետաշխատողների պարգևատրումները, արդյունավետ համարո՞ւմ են պետական գերատեսչությունների աշխատանքը, «Ազատությունը» փորձել է հենց իրենցից ճշտել։ Կարծիքները տարբեր էին։

Գործադիրի ղեկավարն անցած տարիներին տարբեր առիթներով հայտարարել է, թե պարգևավճարը աշխատավարձի մաս է, և այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը պատշաճ մակարդակի չի հասցրել հանրային ծառայողների աշխատավարձը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG