Մատչելիության հղումներ

Ռուսաստանն այստեղ խաղաղություն չի ուզում և չի կարող միջնորդ լինել․ Վարդան Հարությունյան


Ռուսաստանն այստեղ խաղաղություն չի ուզում և չի կարող միջնորդ լինել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - 2023-ի ամենաշատ գործածված բառը երևի խաղաղությունն էր, արդյոք Հայաստանը մոտեցավ դրան։

Հարությունյան․ - Հայաստանը դրան դեռ շուտվանից պետք է մոտեցած լիներ, բայց իրավիճակը սխալ գնահատելու պատճառով մենք կորցրել ենք 3 տարի։ 2020 թվականի պարտությունը եթե հաշվարկի նոր համակարգի սկիզբ համարենք, ապա այդ շրջանից սկսած ինչքան շուտ մենք կարողանանք գտնել հաշտության եզրեր, այնքան շահած կլինենք։ Բայց հայկական կողմը չկարողացավ իրավիճակը ճիշտ գնահատել, դա ակնհայտ էր ու պարզ, թույլ տրվեցին բազմաթիվ սխալներ ու այդ սխալների հետևանքով մեր կորուստներն ավելի շատացան։ 2020 թվականի պարտության ֆոնին մեր կորուստներն այսօր ավելի շատ են, քան էին 2020-ի նոյեմբերին։

Հասել ենք մի եզրագծի, երբ այդ հաշտության փաստաթուղթը կարող է լինել, դեռ 100 տոկոսով վստահ ոչ ոք չի կարող ասել՝ լինելու է, թե՝ ոչ, երևի բացի ադրբեջանական կողմից, հայկական կողմում նույնիսկ առաջին դեմքերը չեն կարող ասել՝ լինելու է, թե՝ ոչ։ Եթե դա լինի, արդեն կարելի է համարել, որ մենք շունչ քաշելու հնարավորություն ենք ձեռք բերում, թե ոնց կկարողանանք էդ հնարավորությունը օգտագործել, դա արդեն երկրորդ խնդիրն է։

«Ազատություն»․ - Ասում եք՝ հայկական կողմի սխալները, բայց արդյո՞ք Ադրբեջանն ուզում է խաղաղ համակեցություն։

Հարությունյան․ - Ոչ, Ադրբեջանը խաղաղություն չէր ցանկանում, բնականաբար, Ադրբեջանը ցանկանում էր տանել առավելագույնը, բայց ինչն էր պատճառը, որ տարիներ շարունակ, հատկապես 2020 թվականից հետո հայկական խոսույթում շատ էր պտտվում, ես ինքս եմ շատ խոսել բանակցող փոխելու մասին։ Մենք ինչո՞ւ էինք ցանկանում բանակցող փոխել, ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանը մեր դուրը չէր գալիս, ընդհակառակը, մենք ենք նրան բերել իշխանական պալատներ, բայց բանակցող կողմը պետք է փոխվեր, որովհետև ակնհայտ էր, որ Փաշինյանը լավ բանակցող չի։ Լավ բանակցողի պարագայում ամենավատ իրավիճակում հնարավոր է կորուստները քչացնել, իսկ մենք չկարողացանք ոչ մի քայլ կատարել Ադրբեջանի ախորժակը զսպելու ուղղությամբ, բացի դրանից, Ադրբեջանը տեսնելով անընդհատ զիջումները, յուրաքանչյուր զիջումից հետո նոր զիջումներ է պահանջել ու ստացել, ամենավերջին փուլը տեղի ունեցավ՝ հայաթափումը, որի մասին ոչ ոք, այդ թվում նաև ադրբեջանցիները չէին մտածում։ Այդ ամբողջը, իհարկե, ադրբեջանցիների կազմակերպած աշխատանքի արդյունքում էր, բայց նաև մեր՝ իրավիճակը գնահատել չկարողանալու։ Ադրբեջանցիները օգտվել են և՛ իրենց հնարավորություններից, և՛ մեր սխալներից։

«Ազատություն»․ - Միշտ խոսել եք Բաքվի, Անկարայի հետ ուղիղ երկխոսության մասին, տարեվերջին կարծես ականատես եղանք այդպիսի շփման արդյունքների, երբ 2 երկրների ղեկավարների աշխատակազմերին հաջողվեց գերիների փոխանակում կազմակերպել, և երբ Սանկտ Պետերբուրգում էին երկու առաջնորդները, Պուտինին չհաջողվեց եռակողմ հանդիպում անել, նրանք էլի առանձին էին շփվել։ Արդյոք դա առաջընթաց կհամարե՞ք։

Հարությունյան․ - Ոչ, առաջընթաց չեմ համարի, կհամարեմ հետընթաց։ Այն ժամանակ՝ 90-ական թվականներից Հայաստանն ուներ այլ իրավիճակ, Ադրբեջանն՝ այլ իրավիճակ, այդ ուղիղ բանակցությունները կարող էին հանգեցնել փոխզիջումներով խնդրի լուծմանը։ Այստեղ ադրբեջանցիները՝ ամենավերջին փուլում, տեսնելով, որ Արևմուտքը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքից, Հայաստանի սահմանների անքակտելիության իրավունքից, դա նույնպես իրավունք է և պայմաններ են թելադրում Ադրբեջանին, Ադրբեջանը հրաժարվեց Արևմուտքի միջնորդությունից և դրա ֆոնին էր, որ նրանք պահանջեցին հայկական կողմից ուղիղ բանակցություններ, հայկական կողմն այլ տարբերակ չուներ։ Կարելի էր ընդունել այդ թելադրանքը, բայց եթե Ալիևը չի գնում Արևմուտք, ապա հրավիրել մեր տարածաշրջան Արևմուտքին, այսինքն բանակցություններին շարունակել մասնակից դարձնել Արևմուտքին աշխարհագրական այս կետում։ Ես չգիտեմ՝ մեր իշխանությունները կարողացել են դա կազմակերպել կամ կկազմակերպեն, լավ է, որ շարունակում են զրուցել իրար հետ, բայց վատ է, որ այդ զրույցը պարտադրանք է։

«Ազատություն»․ - Դուք չհիշատակեցիք ռուսներին, ինչո՞ւ։

Հարությունյան․ - Վերջին տարվա կամ վերջին երկու տարիների պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը միջնորդ լինել չի կարող հայ-ադրբեջանական հարաբերություններում, որովհետև Ռուսաստանը կողմնապահ միջնորդ է։ Ռուսաստանի միջնորդության պարագայում էր, որ Արցախը հայաթափվեց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG