Մատչելիության հղումներ

Վերջին ամիսների ընթացքում ռուսական ամենաուժգին հարձակումը Ուկրաինայի վրա


Այս գիշեր Ուկրաինայի տարբեր քաղաքներում ռուսական ռմբակոծության հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ է զոհվել, 130-ը՝ վիրավորվել։ Ռուսական ուժերը գիշերն ու առավոտյան զանգվածային հարված են հասցրել ուկրաինական քաղաքներին։

«Ծննդատուն, ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոն, բարձրահարկ շենքեր և առանձնատներ, կոմերցիոն պահեստ, ավտոկայանատեղի. Կիևը, Լվովը, Օդեսան, Դնեպրը, Խարկովը, Զապորոժիեն և այլ քաղաքներ»,- Տելեգրամում հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն այսօր հարվածել է գրեթե այն ամենով, ինչ ունի իր զինանոցում։ Զինված ուժերի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատի փոխանցմամբ՝ հարձակման ժամանակ ռուսական ուժերն օգտագործել են բոլոր տեսակի հրթիռները և անօդաչու սարքերը, բացառությամբ «Կալիբր» հրթիռների։

Նրա հայտարարության համաձայն՝ օգտագործվել են հիպերձայնային «կինժալներ», այլ տեսակի բալիստիկ և թևավոր հրթիռներ, С-300-ներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Առնվազն 110 հրթիռ է արձակվել, հայտնում է ուկրաինական կողմը։

«Մենք երբեք չենք տեսել այդքան թիրախներ մեր մոնիտորի վրա միաժամանակ», - հավելել է Իգնատը:

Նման ուժգին հարված ռուսական կողմն առաջին անգամ հասցրել էր ուկրաինական քաղաքներին 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այդ գրոհին նախորդել էր Ղրիմի կամրջի պայթեցումը, իսկ երկու օր անց Ուկրաինայի վրա հրթիռային հարձակումը Կրեմլը պաշտոնապես ներկայացրեց որպես «պատասխան հարված»։

Ներկայիս հրետակոծությանը նախորդել են Ռուսաստանի համար երկու զգայուն իրադարձություններ՝ ճակատում մի քանի ռուսական ինքնաթիռի խոցում և Ղրիմում Նովոչերկասկ խոշոր դեսանտային նավի խորտակումը։

Ամենից շատ զոհ կա Դնեպրում, այս պահի տվյալներով՝ հինգ խաղաղ բնակիչ, սակայն նահանգապետի խոսքով՝ փլատակներում դեռ մարդիկ են մնում։

«Այս պահի դրությամբ օգնություն է կազմակերպվել տեղական ինքնակառավարման մարմինների և մեր կամավորների մասնակցությամբ, փրկարարական աշխատանքները շարունակվում են», - ասել է նա։

Լվովի քաղաքապետի խոսքով՝ ռուսական հրթիռների և անօդաչուների թիրախում բնակելի շենքեր էին և դպրոց. - «Մեկ մարդ մահացել է, ութը դիմել են բուժօգնության, մեկ վիրավոր բավականին ծանր վիճակում է։ Վնասները շատ են, բնակելի շենքեր կան, 10 բնակելի շենքեր, գործնականում բոլորը վնասված են։ Պատուհանները դուրս թռան, դռները՝ ծռված։ Մեր համայնքի դպրոցը կտոր-կտոր է արվել»։

Զանգվածային, այս վերջին ամիսների ընթացքում ամենաուժգին հարձակումը տեղի է ունենում ճակատում ռուսական ուժերի ինտենսիվ գրոհների և դանդաղ առաջխաղացման ֆոնին։

Միացյալ Նահանգների պետքարտուղարը երեկ հայտարարեց Կիևին 250 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին։

2023 թվականին Կիևի համար նախատեսված ռազմական օգնության փաթեթներից վերջինը ներառում է NASAMS և HIMARS համակարգերի զինամթերք, հրետանային արկեր, Stinger զենիթային հրթիռներ, հակատանկային հրթիռներ և համակարգեր։

Բացի այդ, Պենտագոնը Ուկրաինային կփոխանցի փոքր զենքի զինամթերք՝ ավելի քան 15 միլիոն փամփուշտ։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, թե բյուջե ունի Ուկրաինային ռազմական օգնության ևս մեկ փաթեթի համար միայն: Նախագահ Բայդենը խնդրել էր Կոնգրեսին հաստատել լրացուցիչ ֆինանսավորում, սակայն դեկտեմբերին դա տեղի չունեցավ Կոնգրեսում տարաձայնությունների պատճառով:

Ուկրաինայում պատերազմն արդեն երկու տարի է տևում, թեև արևմտյան մամուլը պարբերաբար գրում է բանակցություններ սկսելու Մոսկվայից և Արևմուտքից եկող ազդակների մասին, պաշտոնական Կիևն ու Մոսկվան հայտարարում են, թե այսօր չկա օրակարգ բանակցությունների համար։

Ավելին, ճապոնական Nikkei հրատարակությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել է, թե 2023-ի մարտին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը ասել էր, թե Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայում կռվել առնվազն հինգ տարի։ Ըստ հրատարակության զրուցակիցների՝ Պուտինը փորձել է Չինաստանին հավաստիացնել, որ երկարատև պատերազմը ձեռնտու կլինի Ռուսաստանին, և որ Մոսկվան, ի վերջո, հաղթանակած դուրս կգա։

Միևնույն ժամանակ դեկտեմբերի 23-ին The New York Times-ը, վկայակոչելով ռուս երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնել էր, որ Պուտինը սեպտեմբերից սկսած տարբեր դիվանագիտական ուղիներով ազդարարում է Ուկրաինայի հետ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու իր պատրաստակամությունը, պայմանով, որ Ռուսաստանին մնան օկուպացված տարածքները։

XS
SM
MD
LG