Մատչելիության հղումներ

Իրանի և  Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր


Իրանական կողմի նախաձեռնությամբ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները երեկ հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Սերգեյ Լավրովը փոխադարձ պարտավորություն են հայտնել առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի հիման վրա։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Իրանական կողմի փոխանցմամբ, Աբդոլահիանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու բանակցային գործընթացը և ընդգծել Իրանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Ըստ Իրանի արտգործնախարարության՝ ընդգծելով երկու երկրների համագործակցությունը Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման ուղղությամբ՝ Լավրովը վերահաստատել է Մոսկվայի վճռականությունը այն արագ ավարտին հասցնելու հարցում՝ շեշտելով՝ Ռուսաստանն ավարտել է այս համաձայնագրի կատարման համար ներքին բոլոր ձևակերպումները։

Ռեշտ-Աստարա երկաթգիծը Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքի մաս է, որը կմիացնի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Այն նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս է, որը կմիավորի Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի տրանսպորտային հաղորդակցությունները։

Աբդոլահիանն աշխատանքային այցով այսօր ժամանում է Հայաստան։

XS
SM
MD
LG