Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը հայտարարել է, որ ռուսական հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են Սերբիայի կառավարությանը Բելգրադում ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ հնարավոր անկարգությունների մասին: Նախօրեին Սերբիայի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել վերջին ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով ընդդիմության հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության միջև։
«Մենք տեղեկություն ունեինք հետախուզական ծառայություններից, որոնք նախազգուշացնում էին այդ մասին: Նախևառաջ, Ռուսաստանի անվտանգության ծառայությունն է մեզ նման տեղեկատվություն տրամադրել», - ասել է Բռնաբիչը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ ավելի վաղ խոսել էր օտարերկրյա հետախուզական ծառայությունների նախազգուշացումների մասին՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը։ Նա նաև կեսգիշերին չհանգստանալու կոչով դիմել էր Սերբիայի բնակչությանը:
«Մի անհանգստացեք, Սերբիայի քաղաքացիներ։ Թեև կան դրամատիկ տեսարաններ, մենք սիրում ենք մեր երկիրը, մենք սիրում ենք մեր քաղաքը, մենք սովոր չենք, որ ինչ-որ մեկը կոտրի մեր պատուհանները կամ քանդի մեր տունը։ Մի անհանգստացեք, ոչ մի հեղափոխություն տեղի չի ունենում, նրանց դա չի հաջողվի», - ասել է Վուչիչը:
Վարչապետ Բռնաբիչը իր հերթին տեղի ունեցածն անվանել է «մայդանի» փորձ և նշել, որ իշխանությունները դա թույլ չեն տա։
Ընդդիմադիր ամենամեծ կոալիցիան՝ «Սերբիան ընդդեմ բռնության», դեկտեմբերի 24-ին յոթերորդ օրն անընդմեջ բողոքի ցույցեր է կազմակերպել Բելգրադում՝ պահանջելով չեղյալ համարել դեկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները։
Ընտրություններին, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունը։ Ընդդիմությունը հատկապես դժգոհ է Բելգրադի քաղաքային խորհրդարանի ընտրությունների պաշտոնական արդյունքներից և պնդում է, որ դրանք կեղծվել են։
Նախօրեին ընդդիմության ներկայացուցիչներն ասել էին, որ ցանկանում են գնալ Բելգրադի վարչակազմի շենք և խոսել քաղաքապետարանի պատշգամբից։ Ոստիկանությունը հայտարարել է, թե այդ գործողությունները կհամարվեն անօրինական։ Այդուամենայնիվ, ցուցարարները կոտրել են շենքի դռների ապակիները. Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով և ցրել հրապարակում հավաքվածներին։ Միաժամանակ բերման է ենթարկվել մոտ 38 մարդ։ Ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին անհամաչափ ուժ կիրառելու մեջ՝ պնդելով, որ խաղաղ ցուցարարների շրջանում կան զոհեր։ Հաղորդվում է նաև, որ վիրավորվել են մի քանի ոստիկաններ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Դեկտեմբերի 17-ին Սերբիայում տեղի ունեցան Ազգային ժողովի և 65 տեղական օրենսդիր ժողովների արտահերթ ընտրություններ։ Պաշտոնական տվյալներով՝ նախագահ Վուչիչի Սերբական առաջադիմական կուսակցության հետ կոալիցիան ստացել է ընտրողների մոտ 47 տոկոսը։ Երկրորդ տեղում է «Սերբիան ընդդեմ բռնության» կոալիցիան՝ հավաքելով ձայների 23 տոկոսը։ Երրորդ տեղում, ձայների մոտավորապես 7 տոկոսով, Սերբիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչներն են։ Բելգրադում, պաշտոնական տվյալներով, իշխող կուսակցությունը ստացել է 38 տոկոս, ընդդիմադիր կոալիցիան՝ 34 տոկոս։
Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները ուռճացրել են ընտրողների թիվը և ձայներ են ավելացրել իշխող կուսակցությանը։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակը դեկտեմբերի 18-ին հայտարարեց, որ դեկտեմբերի 17-ի ընտրություններն անցել են լուրջ խախտումներով, այդ թվում՝ պետական միջոցների չարաշահումներով:
Միացյալ Նահանգները կոչ է արել Սերբիայի իշխանություններին հետաքննել ընտրությունների խախտումների վերաբերյալ միջազգային դիտորդների պնդումները: Սերբիայի իշխանությունները հերքում են որևէ ապօրինություն: