Մատչելիության հղումներ

Նավալնիին տեղափոխել են Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի գաղութ, որտեղ հիմա բևեռային գիշեր է


Ալեքսեյ Նավալնին անազատության մեջ, արխիվ
Ալեքսեյ Նավալնին անազատության մեջ, արխիվ

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօր հայտնի է դարձել, թե որտեղ է պահվում Վլադիմիրի շրջանի քրեակատարողական հիմնարկից անհետացած Ռուսաստանի ընդդիմության լիդեր Ալեքսեյ Նավալնին:

Նրա քարտուղար Կիրա Յարմիշի փոխանցմամբ, ընդդիմադիր բանտարկյալը գտնվում է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի (օկրուգի) Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութում։

Նավալնիի մասին 20 օր շարունակ տեղեկություն չկար: Յարմիշի խոսքով՝ փաստաբանը տեսակցել է Նավալնիին և փոխանցել է, որ «նա նորմալ վիճակում է»:

Խարպ գյուղը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ շրջանից 60 կիլոմետր հյուսիս, և հիմա այնտեղ բևեռային գիշեր է։ Վարչական առումով այն ենթակա է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Լաբիտնանգա ավանին: Վորկուտայով անցնող երկաթուղին այն կապում է Մոսկվայի հետ։

Գյուղում կա ևս երկու հատուկ ռեժիմի գաղութ։ Նավալնին գտնվում է 3-րդ գաղութում։ Ժամանակին այնտեղ պահվել են ՅՈՒԿՕՍ-ի համասեփականատերերից Պլատոն Լեբեդևը և ուկրաինացի ռեժիսոր ու ակտիվիստ Օլեգ Սենցովը։

Գյուղում 3-րդ գաղութի անունն է «Բևեռային գայլ»: Դրանում պատիժը կրում են ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG