Մատչելիության հղումներ

Սլուցկին ներկայացրել է Ռուսաստանի նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը


Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին համագումարում առաջադրվել է նախագահի թեկնածու, Մոսկվա, 19 դեկտեմբերի, 2023թ.
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին համագումարում առաջադրվել է նախագահի թեկնածու, Մոսկվա, 19 դեկտեմբերի, 2023թ.

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածությունը գրանցելու փաստաթղթերը:

Դեկտեմբերի 19-ին կուսակցության 35-րդ նախընտրական համագումարը նրան առաջադրել է նախագահության թեկնածու։

Ավելի վաղ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ առաջիկա ընտրություններում Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու համար դիմողների թիվն արդեն հասել է 29-ի։

Դեկտեմբերի 20-ին ԿԸՀ-ն գրանցել է ընտրողների խումբը, որը ստեղծվել է 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնառաջադրմանը սատարելու համար:

Դեկտեմբերի 23-ին տեղի են ունեցել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության և «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» միավորման համագումարները։

Կոմունիստները նախագահի թեկնածու են առաջադրել Պետական դումայի բոլոր գումարումների պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովին, իսկ «Արդար Ռուսաստանը» հայտարարել է գործող նախագահին սատարելու մասին:

Դեկտեմբերի 24-ին «Նոր մարդկանց» համագումարը միաձայն որոշել է նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովին։

ՌԴ Դաշնային խորհրդի որոշմամբ, նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 15-ից 17-ը: Այդպիսով, Ռուսաստանում առաջին անգամ կանցկացվեն եռօրյա նախագահական ընտրություններ:

Գործնականում 2000 թվականից իշխող նախագահ Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ է առաջադրվել և, ըստ վերլուծաբանների գերիշխող մեծամասնության կարծիքի՝ եթե տեղի չունենան չնախատեսված արտակարգ իրադարձություններ, ապա նա հեշտությամբ կհաղթի հենց առաջին փուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG