Թուրքիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայի հանդիպումները կվերսկսվեն հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին, հայտնել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեթ Բույուքեշը:
Ֆեդերացիան կարգադրել է դադարեցնել բոլոր հանդիպումներն այն բանից հետո, երբ դեկտեմբերի 11-ին մրցավարի որոշումներից դժգոհ «Անկարագյուջյու» ակումբի նախագահ Ֆարուք Քոջան ներխուժել է խաղադաշտ և հարվածներ է հասցրել մրցավար Հալիլ Ումութ Մելերիին, որին միջադեպից հետո վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել:
«Այսօր մեր ընդունած որոշմամբ բոլոր լիգաները վերսկսելու են մրցւոմները հաջորդ երեքշաբթի՝ դեկտեմբերի 19-ին»,- ասել է Բույուքեշը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն, և կձեռնարկվեն անվտանգությունն ապահովելու միջոցներ:
Վաղը պետք է որոշումներ ընդունվեն «Անկարագյուջյու» ակումբի, դրա նախագահի և դաշտ ներխուժած այլ անձանց վերաբերյալ: Ֆարուք Քոջան ձերբակալվել է: